ԵԱՏՄ-ում ռուսական առևտրային սահմանափակումների հարցով նիստը դարձյալ հետաձգվել է

Հայկական գյուղմթերք տեղափոխող հայկական բեռնատարները ետ են դառնում Ռուսաստանից, հունիս, 2026 թ.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցով այսօր նախատեսված նիստը նախորդի նման հետաձգվել է:

Տեղեկությունը «Ազատությանը» հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից, սակայն հրաժարվել են պարզաբանել, թե ինչու և ում նախաձեռնությամբ է արդեն երկրորդ անգամ հետաձգվում քննարկումը:

Պաշտոնական Երևանը դեռ սեպտեմբերին էր դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների տեղափոխման սահմանափակումները որպես «առևտրային խոչընդոտ» (բարիեր) ճանաչելու նպատակով:

Նիստը նախատեսված էր նոյեմբերի 3-ին, սակայն այն մեկ շաբաթով հետաձգվել էր Երևանի նախաձեռնությամբ: Անցած շաբաթ էկոնոմիկայի նախարարը հրաժարվել էր բացատրել, թե ինչու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանի նախաձեռնությամբ հետաձգվել է ԵԱՏՄ-ում Ռուսաստանի սահմանափակումների հարցով քննարկումը

Այսօրվա նիստի հետաձգումից հետո դեռ պարզ չէ, թե հաջորդը երբ կկայանա:

Մոսկվան տարեսկզբից արգելել է հայկական գյուղմթերքի, ձկնամթերիք, ծաղիկների, մի շարք ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչների ներմուծումն ու տարանցումը ԵԱՏՄ տարածքով՝ միաժամանակ Երևանից պահանջելով հանրաքվե անցկացնել՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև:

Երևանն ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կվերացնի Ռուսաստանի սահմանափակումները՝ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով: Օրերս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր՝ եթե հանձնաժողովը Հայաստանի օգտին որոշում չկայացնի կամ Հայաստանի դեմ որոշում ընդունի, վտանգավոր նախադեպ կստեղծվի ԵԱՏՄ բոլոր անդամների համար: