«Առողջական խնդիրների մասին չի բարձրաձայնել». Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարարն՝ անդրադառնալով բանտում ընդդիմադիր գործչի մահվանը:

Այսօր առավոտյան բանտում մահացել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը: Քրեակատարողական հիմնարկը չի նշում Գևորգյանի մահվան պատճառը: Մտերիմների փոխանցմամբ՝ նա մահացել է ինֆարկտից, իսկ նախկինում առողջական խնդիրներից չի բողոքել:

Լրագրողի հարցին՝ եթե պարզվի, որ Գևորգյանին պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, ո՞վ է պատասխանատվություն կրելու, և արդյոք նախարարությունը պատրա՞ստ է պատասխանատվություն ստանձնել, Գալյանը ուղիղ չպատասխանեց։

Նախարարի խոսքով՝ Գևորգյանը հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդիրների մասին չի բարձրաձայնել, ինքնազգացողության վատթարացում չի ունեցել:

«Այսօր առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից, ժամը 07:55-ի շրջանում բուժակն այցելել է և զննել է, կարճ չանցած շտապօգնություն է կանչվել, որից հետո արձանագրվել է սրտի կանգ», - ասաց Գալյանը:

Արդարադատության նախարարը ցավակցեց քրեակատարողական հիմնարկում մահացած Գևորգյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին։ «Ցավալի դեպք է տեղի ունեցել, ինչպես բոլորը, այնպես էլ մենք ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ինչպես ցավում ենք յուրաքանչյուր դեպքի հետ կապված», - ասաց նա:

Նախարարի ներկայացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում բանտերում մահվան 20 դեպք է գրանցվել, իսկ այս տարվա անցած ամիսների ընթացքում 4:

Քրեակատարողական հիմնարկներում բժշկական սպասարկման ծառայությունը արդեն մի քանի տարի է առողջապահության նախարարության պատասխանատվության տակ է:

«Կարծում եմ, որ մենք տարիների փորձից ելնելով լավարկում ունենք այս ոլորտում և՛ պատշաճ սպասարկում իրականացնելու համատեքստում, և՛ դեղորայքի, և՛ արագ արձագանքման», - նշեց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բանտում մահացել է Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն

46-ամյա Գևորգյանը կալանավորվել էր ընտրություններից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, թե թեկնածուն և նրա թիմակիցները ընտրակաշառք են բաժանել տասնյակ ընտրողների, իսկ ևս 30-ի համար ցուցակներն ու գումարը «ծրարված-պատրաստ» էին: Գևորգյանը մեղադրանքը չէր ընդունում:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» այսօր կուսակցի մահվան համար մեղադրել է իշխանություններին՝ պնդելով, որ Գևորգյանը կալանավորվել էր «վարկաբեկման արշավի շրջանակներում»:

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» այս պնդումներին, Սրբուհի Գալյանն ասաց. - «Ճշմարտությունն այնպիսին է, որ քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում: Կարծում եմ՝ պետությունը պետք է միշտ պատշաճ արձագանք տա կատարված արարքներին»:

Կալանավորումը՝ որպես խափանման միջոց

Ինչ վերաբերում է Հայաստանում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն, նախարարն ասաց, որ այն բացառիկ ծայրահեղ միջոց է:

«Ազատության» հարցին՝ արդյոք համարո՞ւմ է, որ այդ բացառիկ միջոցը կիրառվում է ծայրահեղ դեպքերում, Սրբուհի Գալյանը պատասխանեց. «Եթե նայենք տնային կալանք խափանման միջոցի ու վարչական վերահսկողություն խափանման միջոցի քանակներին, ապա համամեմատության մեջ դրանց թիվը 3000-ն այս պահին անցնում է, կտեսնեք, որ կալանավորումը որպես խափանման միջոց [վերջին շրջանում] նշանակվում է շատ ավելի քիչ դեպքերում: Եթե համադրեք իմ նշած թվերին նաև հեռանալու արգելք խափանման միջոցն ու գրավը, որոնց թվական տվյալներին ես չեմ տիրապետում, բայց ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ դրանց տվյալները շատ ավելի շատ են, քան մյուս բոլոր խափանման միջոցներն իրար իրար հետ վերցրած, կրկին կտեսնեք, որ կալանավորում խափանման միջոցը շատ ավելի քիչ է նշանակվում, քան մյուս խափանման միջոցները»:

Նախարարը պնդեց. «Մենք շահագրգռված ենք, որ քիչ նշանակվի կալանքը որպես խափանման միջոց, քանի որ ՔԿՀ-ներում տեղերն անսահմանափակ չեն»:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ կալանավորներն այժմ կազմում են բանտարկյալների ընդհանուր թվի 47 տոկոսը՝ կեսից մի փոքր պակաս։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ դատարանները հիմնականում բավարարում են կալանավորելու միջնորդությունները: Օրինակ՝ 2025 թվականին բավարարվել է միջնորդությունների ավելի քան 61 տոկոսը։ 2024-ի դեպքում այս թիվը կազմել է ավելի քան 69 տոկոս: