Բանտում մահացել է Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն

«Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Արսեն Գևորգյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ, 9-ը հոկտեմբերի, 2026 թ.

Բանտում մահացել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը: Տեղեկությունը «Ազատությանը» հաստատել է Քրեակատարողական հիմնարկների խոսնակ Նոնա Նավիկյանը՝ նշելով, որ Գևորգյանը մահացել է ինֆարկտից:

«Այսօր ժամը 07։55-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Ժամը 08։30-ի սահմաններում շտապօգնության անձանակազմի կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,- հայտնել են Քրեակատարողական հիմնարկների լրատվականից:

46-ամյա Գևորգյանը կալանավորվել էր ընտրություններից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, թե թեկնածուն և նրա թիմակիցները ընտրակաշառք են բաժանել տասնյակ ընտրողների, իսկ ևս 30-ի համար ցուցակներն ու գումարը «ծրարված-պատրաստ» էին: Գևորգյանը մեղադրանքը չէր ընդունում:

«Ուժեղ Հայաստանը», որ հոկտեմբերի 25-ի ընտրություններում 19 համայնքներից միայն Ստեփանավանում էր մասնակցում, այնտեղ մոտ 20 տոկոս ձայն էր ստացել՝ զբաղեցնելով երրորդ տեղը: Ամենաշատ ձայները ստացել էր «Գործարար» կուսակցությունը, նրան հետևում էր «Քաղաքացիական պայմանագիրը»:

Ընդդիմադիր ուժն այսօր կուսակցի մահվան համար մեղադրել է իշխանություններին՝ պնդելով, որ Գևորգյանը կալանավորվել էր «վարկաբեկման արշավի շրջանակներում»:

«Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում և կալանավորում են», - հայտարարել է «Ուժեղ Հայաստանը»:

Իշխանությունները դեռ չեն արձագանքել այս մեղադրանքին: «Ուժեղ Հայաստանի» թիմակիցների շրջանում ձերբակալություններն ու կալանավորումները հատկապես հաճախակի էին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Մինչ ընդդիմադիրները պնդում էին, որ իշխանություններն իրենց հանիրավի են հետապնդում, Քննչական կոմիտեն քարոզարշավի օրերին գրեթե ամեն օր գաղտնալսումներ էր հրապարակում ու պնդում, որ ընդդիմադիր ուժը զբաղված է մարդկանց քվեն գնելով: Նույնը նաև իշխող ուժի ներկայացուցիչներն էին պնդում: