Կորոշենք ինչպես շարունակել երկաթուղու զարգացումը՝ աշխատանքային խմբի առաջարկներից հետո. Խուդաթյան

Հայ-ռուսական երկաթուղային աշխատանքային խումբն աշխատում է, առաջիկայում նախատեսված է խմբի անդամների նոր հանդիպումը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ առանց փակագծեր բացելու։

Հարցին՝ ի՞նչ հարցերի շուրջ են ընթանում քննարկումները, արդյո՞ք օրակարգում է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման հարցը, նախարարը մանրամասներ չի հայտնել՝ նշելով միայն, որ քննարկվում են «տարբեր՝ տեխնիկական հնարավորությունների ավելացման, նոր շարժակազմերի մասով» հարցեր։

«Հիմա աշխատանքային խումբը պիտի առաջարկ անի Հայաստանի կառավարությանը, թե ինչպես է հնարավոր ավելացնել երկաթուղու երթուղին, ինչպես է հնարավոր որակի բարելավում իրականացնել։ Եթե այդ առաջարկը կառավարությանը գոհացուցիչ լինի և մեզ թվա, որ հնարավոր է դա իրականացնել, դրանով պահմանավորված որոշում կկայացնենք»,- ասել է նախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել». Փաշինյանն ընդունել է Բելոզյորովին

Հայ-ռուսական երկաթուղային աշխատանքային խումբը ստեղծվել է 2026 թվականի հոկտեմբերի 15-ին։

Փաշինյանը նույն օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպմանը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ինչպես է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ:

«Վարչապետը ասում է, որ կա Հայաստանի երկաթուղային ցանցում ներդրումներ անելու անհրաժեշտություն, և շատ միջազգային գործընկերներ չեն ներգրավվում այդ պրոցեսին, որովհետև այն ռուսական կոնցեսիայի կառավարման տակ է»,- այսօր նախարար Խուդաթյանը այդպես էլ ուղիղ չպատասխանեց լրագրողների հարցին՝ արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել հայկական երկաթուղում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աշխատանքային խումբը պետք է ասի՝ պատրա՞ստ են ռուսները ներդրումներ անել հայկական երկաթուղում

Տևական ժամանակ է՝ Երևանն առաջարկում է, որ Հայկական երկաթուղիների կառավարումը փոխանցեն և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի: Ռուսական կողմից առաջարկը մերժում էին՝ միաժամանակ զգուշացնելով, որ կոնցենսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող են ետ պահանջել իրենց կատարած ներդրումները՝ մոտ 400 միլիոն դոլարը:

Ռուսական ընկերությունը 30 տարով է ստանձնել հայկական երկաթուղու կառավարումը, ժամկետը լրանում է 2038 թվականին, այն ևս 10 տարով երկարաձգելու համար կողմերը պետք է միմյանց համապատասխան առաջարկ ներկայացնեն մինչև 2027-ի օգոստոսը: