Քննչականը վարույթ է նախաձեռնել խորհրդարանի ծեծկռտուքի գործով

Խորհրդարանի միջադեպից մոտ երկու շաբաթ անց քննչականը վարույթ է նախաձեռնել երկու հոդվածներով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելու հոդվածներով:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեռ մեղադրյալներ չկան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աթոռ նետելուց տասն օր անց. Խորհրդարանական մենամարտը՝ առանց քննության

Թե ինչու իրավապահները սեփական նախաձեռնությամբ չսկսեցին քննությունը, այլ վարույթ նախաձեռնեցին քաղհասարակության բողոքից ու դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդումից հետո, պարզ չէ:

Միջադեպի ընթացքում ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն անգամ աթոռ էր շպրտել ընդդիմադիրների ուղղությամբ: Արդյո՞ք նրա այս գործողությունը կդառնա քննության առարկա և արդյո՞ք պատգամավորը կստանա մեղադրյալի կարգավիճակ, դեռևս հստակ չէ:

Վարչապետն էր օրերս բռունցքների անցած պատգամավորների անձեռնմխելիությունը շեշտադրել, իսկ միջադեպի օրը ոչ միայն աջակցել, այլ նաև ողջունել էր թիմակիցներին՝ պնդելով, թե առաջինը ընդդիմությունն էր սկսել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պատգամավորներն իրար ծեծում են նաև ավտորիտար երկրներում. փաստերն ընդդեմ Փաշինյանի թեզի


Միջադեպից հետո ավելի քան տասը հասարակական կազմակերպություններ դատապարտել էին խորհրդարանում «ֆիզիկական բռնության և խուլիգանական դրսևորումներն» ու «խիստ մտահոգիչ համարել վարչապետ Փաշինյանի՝ միջադեպը խրախուսող և հովանավորող արձագանքը,Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ միջադեպը սովորական համարող և արդարացնող դիրքավորումները»: