Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինի պնդմամբ՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից ստացվող օգուտներն օգտագործում է Եվրամիությանն անդամակցելու գաղափարն առաջ մղելու համար։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի նախաձեռնած՝ Հայաստանի համար Եվրամիությունում տեղ փնտրելու գործընթացը հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից ստացվող իրական օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն միությանն անցնելու անիրատեսական գաղափարը առաջ մղելու համար», - հայտարարել է ռուս դիվանագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը հանրաքվեի անցկացումը կլիներ, որի ընթացքում Հայաստանի ժողովուրդը, երկրի Սահմանադրությամբ նախատեսված կարգով, կարտահայտեր իր կամքը երկրի հետագա ինտեգրացիոն ուղու վերաբերյալ:
«Տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդի կարծիքը, ապա միայն պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչպես վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը», - ասել է Պանկինը՝ պնդելով՝ «եթե հայտը ներկայացվի, ժողովրդի կարծիքն այլևս ոչ մեկին չի հետաքրքրի»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս էր հայտարարել , որ Հայաստանը կարող է 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմել Եվրամիությանը՝ անդամակցության գործընթաց սկսելու համար։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ այս պահին հանրաքվեի առարկա չկա, և նախ անհրաժեշտ է անցնել որոշակի ընթացակարգեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երբ է Երևանը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու. Փաշինյանը մի քանի ժամկետ է նշումՀայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հիշեցրել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության օգուտներն ու Միությունից հնարավոր դուրս գալու տնտեսական հետևանքները գնահատելու նպատակով հրապարակվել է անդամակցության կասեցման հնարավոր ազդեցությունների վերաբերյալ զեկույց։ Նա ընդգծել է, որ այդ սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ Միության անդամ երկրների տնտեսական անվտանգությանը սպառնացող ռիսկերը կանխելու համար։
«Այդ սցենարի իրագործումը կախված կլինի նրանից, թե արդյոք Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է փարատել ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների մտահոգությունները։ Առայժմ Երևանից Մոսկվա այս հարցի վերաբերյալ կառուցողական ազդակներ չենք ստացել»,- նշել է Պանկինը։
Հոկտեմբերի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնել էր, որ ստացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների պատրաստած՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը։
Փաստաթղթի համաձայն՝ նման զարգացումը կարող է հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի 15,6 տոկոսով անկման, գնաճի՝ 14,9 տոկոսային կետով աճի և սպառման՝ 14,6 տոկոսով կրճատման։ Գազի գինը, ըստ զեկույցի, կարող է բարձրանալ 1000 խմ-ի դիմաց 177,5 դոլարից մինչև 300 դոլար։
Զեկույցում կանխատեսվում է նաև մաքսային հսկողության և վճարների վերականգնում, ապրանքների նկատմամբ սանիտարական վերահսկողության կիրառում, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների համար ԵԱՏՄ երկրներում աշխատանքային միգրացիայի պայմանների խստացում։
Հայաստանի վարչապետն օրերս հայտարարել էր, որ Երևանում համաձայն չեն ԵԱՏՄ զեկույցի գնահատականների հետ:
«Մենք շարունակում ենք աշխատանքը Եվրասիական տնտեսական միության հետ: Զեկույցի եզրակացությունների մի ծանրակշիռ մասի հետ ընդհանրապես համաձայն չենք, և մենք մեր անհամաձայնությունները աշխատանքային կարգով կփոխանցենք մեր գործընկերներին», - անցած հինգշաբթի ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Երևանի եվրոպական ձգտումները լարել են հատկապես հայ-ռուսական հարաբերությունները: Ռուսաստանը, որ Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի հետ մեկ տնտեսական դաշինքի՝ ԵԱՏՄ անդամ է, Երևանից պահանջում է հնարավորինս շուտ հանրաքվե անել և ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև: Մոսկվան իր այս պահանջն այս տարի ուղեկցեց տնտեսական պատժամիջոցներով. արգելեց հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծումն ու տարանցումը ԵԱՏՄ տարածքով: