Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր խորհրդարանում չի հստակեցրել՝ երբ կարող է պատգամավորների հետ համատեղ այցելություն կազմակերպվել քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում պահման պայմաններին ծանոթանալու համար։
2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ՄԻՊ-ից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ մինչ այժմ չի հաջողվում նման այցելություն կազմակերպել և ե՞րբ կարող են միասին այցելել բանտեր։
Մանասյանը կոնկրետ ժամկետ չի նշել՝ ընդգծելով, որ քրեակատարողական հիմնարկներ այցելություններն առանձնահատուկ բնույթ ունեն, և դրանց կազմակերպման համար անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել մի շարք հանգամանքներ։
«Ի սկզբանե, առանց միմյանց հետ տարբեր հանգամանքներ համաձայնեցնելու, չեմ կարող ասել՝ մենք համատեղ այց անելու ենք, թե չէ», - հայտարարել է պաշտպանը:
ՄԻՊ-ը միաժամանակ շեշտել է իր կառույցի անկախությունը՝ նկատելով, որ վերջին շրջանում պատգամավորներից երբեմն գրություններ են ստանում՝ հստակ ցուցումներով, թե ինչպես պետք է գործի պաշտպանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Կանալիզացիայի հոտը սպանում ա». Արթուր Օսիպյանը՝ Նուբարաշենի բանտի մասին«Մարդու իրավունքների պաշտպանն ինքն է որոշում՝ ինչպես է իրականացնում իր գործունեությունը», - հայտարարել է Մանասյանը։
Անդրադառնալով բանտերի խնդիրներին՝ նա ընդգծել է, որ դրանք արդեն մանրամասն արձանագրված են ՄԻՊ-ի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցում։
«Հավանաբար ուշադիր չեք եղել, դրանք շատ մանրամասն նկարագրված են», - պատգամավորներին դիմելով՝ ասել է պաշտպանը։
Մանասյանը նաև հակադարձել է պատգամավորներին՝ հիշեցնելով, որ նրանք պետական իշխանություն իրականացնելու լիազորություններ ունեն և պետք է պատասխան տան բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ իրենց կատարած աշխատանքի համար։
«Դուք ստացել եք պետական իշխանություն, և ես պիտի գամ այստեղ ձեզանից բոլորից հարցնեմ՝ դուք ի՞նչ եք արել քրեակատարողական հիմնարկներում իմ բարձրաձայնած խնդիրները լուծելու համար», - հայտարարել է ՄԻՊ-ը՝ հավելելով, որ կառավարությունից արդեն որոշակի պատասխաններ ստացել է և պատրաստվում է համապատասխան հարցումներ ուղարկել նաև պատգամավորներին։
Քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների հարցը վերջին շրջանում կրկին իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում է։Նախօրեին բանտերում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբն ահազանգել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անմարդկային պայմանների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գարշահոտ, խոնավություն ու խավարասերներ. Նուբարաշենի բանտի նկուղային հարկերը «մարդու համար չեն»Դիտորդների փոխանցմամբ՝ հատկապես ծանր է վիճակը նկուղային հարկերում, որտեղ գտնվում են պատժախցերն ու հացադուլ հայտարարած կալանավորների խցերը։ Իրավապաշտպանները բարձրաձայնել էին խոնավության, ցրտի, հակասանիտարական պայմանների և օդափոխության բացակայության խնդիրները։
Արդարադատության նախարարությունն ընդունել էր շենքի խոնավության խնդիրը՝ այն պայմանավորելով կառույցի հնությամբ և օդափոխության բացակայությամբ։ Նախարարությունից միաժամանակ հայտնել էին, որ հացադուլավորներն արդեն տեղափոխվել են ավելի բարվոք խցեր։