Մատչելիության հղումներ

Գարշահոտ, խոնավություն ու խավարասերներ. Նուբարաշենի բանտի նկուղային հարկերը մարդու համար չեն

Դիտորդների անկախ խումբը կրկին ահազանգում է՝ «Նուբարաշեն» բանտի պահման պայմանները անմարդկային են, հատկապես՝ նկուղային հարկերը, որտեղ տեղակայված են պատժախցերն ու հացադուլավորների խցերը:

«Մեղմ ասաց՝ անմարդկային վերաբերմունք է, եթե ավելի կոպիտ որակենք, խոշտանգմանը հավասարեցված վերաբերմունք է», - ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Դիտորդական խմբի անդամներն օրերս այցելել են Նուբարաշենի բանտ, տեսակցել նաև հացադուլ հայտարարած երեք բանտարկյալներին: Զարուհի Հովհաննիսյանը պատմում է, որ երեքն էլ համաձայն չեն իրենց մեղադրանքի հետ: Մեկն ավելի քան տասն օր է սնունդ չի ընդունում, մյուս երկուսը՝ ավելի քան մեկ ամիս:

Ինչո՞ւ արդեն բանտարկված, ազատությունից զրկված քաղաքացին բանտում պետք է կրկնակի պատիժ կրի՝ Հովհաննիսյանն ընդգծում է՝ պահման վատ պայմաններով հավելյալ պատժելը խախտում է մարդու իրավունքները, և պետությունը դրա իրավունքը չունի:

«Խցում ջերմաստիճանը շատ ցածր էր ու խոնավ, ստիպված էին եղել խնդրել տաքացուցիչ այս եղանակին, որպեսզի կարողանան առանց վերարկուների պառկել: Հացադուլի ժամանակ նաև մարմնի ջերմաստիճանն է փոխվում, ջերմազգայունությունն է փոխվում և այլն», - ներկայացրեց Զարուհի Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանը նկատում է՝ եթե մարդկանց հիմնական խափանման միջոցը կալանքը չլինի, Նուբարաշենն էլ ազատ խցեր կունենա, ու հացադուլավորներին չեն իջեցնի նկուղային հարկեր, որտեղ ցուրտ է ու մութ, իսկ պատուհան բացելիս էլ խցի զուգարանի հոտին է միախառնվում դրսի աղբի գարշահոտությունը:

«Հատկապես սանհանգույցի տարածքում բավական լուրջ բորբոսային շերտ կա պատերին, որը ևս հակասանիտարական վիճակ էր, իրենց վկայությամբ եղել է, որ ջուր է հոսել այդ տարածք, չորացրել էին, մենք տեսանք նաև շորը, որը գցած էր դռան առջև, քանի որ եղել էր ջրի արտահոսք սանհանգույցից», - ասաց Հովհաննիսյանը:

Օրերս հենց «Նուբարաշենից» ազատ արձակված արցախցի Արթուր Օսիպյանն էր նաև պատմել հացադուլավորների խցի պայմանների մասին:

Բանտերում դիտորդական խումբը «Նուբարաշեն» այցի լուսանկարները հրապարակեց այսօր: Թեև նախորդ տարիների համեմատ խցերում սալիկներ են հայտնվել, պատերին էլ՝ ներկ, բայց դրանից գարշահոտությունն ու խոնավությունը չի վերացել: Լուսանկարներում երևում են կեղտոտ զուգարանները, ծեփը թափած պատերը, մաշված հատակը:

Նուբարաշենի բանտը պետք է փակվի՝ արդեն տասը տարի հայտարարում են իրավապաշտպանները, բացատրում, որ որքան էլ նորոգվեն խցերը, շենքի խոնավությունը չի անցնում, խողովակները հին են, մաշված: Մինչև փակվելը գոնե կարող են մարդկանց նկուղային հարկերում չտեղավորել, մտահոգված է իրավապաշտպանը:

«Կիսանկուղային հարկ է, կիսով չափ պատուհանները ներքևում ու վերևում, լույսի թափանցելիությունը կարելի է ասել զրոյական է, դա շատ լավ միջավայր է կրծողների, խավարասերների, տարբեր տիպի միջատների և հիվանդությունների տարածման համար:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չնայած ընդունում է բանտերի խնդիրները, բայց անցած շաբաթ պնդեց՝ բարեփոխումներ են անում. «Մեր քրեակատարողական հիմնարկների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք»:

Դիտորդական խմբի վերջին օրերի հաղորդագրություններին ի պատասխան արդարադատության փոխնախարարը պատասխան նամակում «Նուբարաշենի» բանտի խոնավության խնդրի մասին նշել է, որ բանտը կառուցվել է 40 տարի առաջ՝ խորհրդային չափորոշիչների համաձայն: Գևորգ Քոչարյանն ընդգծել է՝ թեև անընդհատ նորոգումներ են կատարվում, միևնույն է, օդափոխության բացակայության պատճառով խոնավությունից չեն կարողանում ձերբազատվել:

Փոխնախարարը նաև նշել է, որ կոյուղու խնդրի դեպքում նաև բանտարկյալները մեղք ունեն՝ այն լցնում են տարատեսակ առարկաներով, նաև հենց դրսի աղբն են կուտակում բանտարկյալները՝ նշված է դիտորդներին ուղղված նամակում: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ հացադուլավորներին արդեն տեղափոխել են բարվոք խցեր:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG