Իրանը պնդում է՝ իր զինված ուժերն ավելի հզոր են, քան ԱՄՆ-ի հետ պատերազմի սկզբում

Իրանի զինված ուժերն այսօր ավելի հզոր են և պատրաստված, քան Միացյալ Նահանգների հետ պատերազմի սկզբում, հայտարարել է Իրանի բանակի խոսնակ Մոհամադ Աքրամինիան՝ ընդգծելով, որ Թեհրանը շարունակում է վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։

«Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ անմիջական բախումներից փորձ ձեռք բերելով՝ մեր զինված ուժերն այսօր ավելի բարձր պատրաստվածության վիճակում են և ավելի ուժեղ, քան պատերազմի սկզբում։ Նրանք այժմ ավելի մեծ մոտիվացիա, վճռականություն և ինքնավստահություն ունեն», - խոսնակի խոսքերն է փոխանցում իրանական IRNA պետական գործակալությունը։

Աքրամինիան նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները։ Նրա խոսքով՝ երկրի գերագույն առաջնորդի հրամանով իրանական զինուժի պատասխան գործողությունները կլինեն անհապաղ, արդյունավետ և «առանց աշխարհագրական սահմանափակումների»։

Այս հայտարարությունները հնչում են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու միջնորդական ջանքերի ֆոնին։ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսած պատերազմից հետո Թեհրանը սահմանափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որով սովորաբար անցնում է աշխարհում սպառվող նավթի շուրջ մեկ հինգերորդը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը մինչև 20 միլիոն դոլարի պարգև է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի, այդ թվում՝ օբյեկտների, սարքավորումների և ծրագրում ներգրավված անձանց մասին տեղեկությունների դիմաց։