«Փաստաբանին օգոստոսից թույլ չեն տալիս տեսակցել Ռուբեն Վարդանյանին». կինն ահազանգում է

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինն ահազանգում է, որ ադրբեջանցի փաստաբանին օգոստոսից չեն թույլատրում տեսակցել ամուսնուն, իսկ իր նամակներին չեն արձագանքում ոչ Ադրբեջանի օմբուդսմենը, ոչ էլ Հայաստանի իշխանությունները:

«Դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել եմ նաև Հայաստանի կառավարությանը։ Օգոստոսի 17-ին իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ Արտաքին գործերի նախարարությունում ունեցած մեր հանդիպումից հետո մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել, իսկ մեր գրավոր հարցումը դեռևս անպատասխան է մնում», - նշել է նա։

Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է նաև, որ կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվեն հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների անվտանգության հետ կապված հարցերը:

Նա միաժամանակ ընդգծել է, որ այդ հարցով առաջընթաց չկա. հունիսից մի քանի անգամ դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին՝ առաջարկելով այցի տարբեր ձևաչափեր, սակայն պատասխան չի ստացել։ Փոխարենը ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել Բաքու մեկնելու դեպքում իր հնարավոր ձերբակալության մասին:

Ռուբեն Վարդանյանի կինը նաև հիշեցնում է, որ հոկտեմբերի 1-ին հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ է փոխանցվել Հայաստանի կառավարությանը՝ Բաքու հասցնելու խնդրանքով: «Մեր նպատակը մնում է անփոփոխ՝ տեսնել մեր հարազատներին և վերականգնել բանտարկյալների կապն իրենց ընտանիքների հետ։ Մենք շարունակելու ենք այս աշխատանքը, մինչև նրանք բոլորը տուն վերադառնան», - նշել է Զոնաբենդը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր նամակները Բաքու հասցնելու հարցին և ասել. - «Տարօրինակ է` եթե նամակ կա, ապա ինչո՞ւ փոստով չեն ուղարկում։ Դրա համար կան փոստային ծառայություններ, որ կարող են դա անել… Ինչի՞ համար միջնորդ հանդիսանանք։ Այդտեղ նրբություններ կան. այսինքն հազար նամակ տալ կառավարությանը ու ասել՝ այս նամակները տարեք, ինչքանո՞վ է դա տրամաբանական»:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ գերիների հարցով դիմել են երրորդ երկրներին, բայց չի ստացվում հարցը լուծել:

Առանց երկրների անուններ նշելու՝ Միրզոյանն ասել էր. - «Երրորդ երկրներին, մեր ընդհանուր գործընկերներին խնդրել ենք, ասել ենք, բայց իրենց [Բաքվից] ասել են՝ գործ չունենք այդ հարցի հետ: Ուզո՞ւմ եք դառը իրականություն՝ սա՛ է: Մենք ունենք ճանապարհ, այդ ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ մեր երկխոսության միջով»:

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հայտնի Ադրբեջանում դատավարություններն անցնում են փակ՝ միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությամբ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում