«Ճնշումներ չեն եղել»/«Դարձ ի շրջանս յուր». նախկին ՔՊ-ականը ՍԴ նախագահ ընտրվեց

ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյան

ՍԴ նախագահի պաշտոնում նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի ընտրությունից հետո նրա մրցակից դատավոր Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից:

«Որևիցե եղանակով, որևիցե անձի նկատմամբ որևիցե ճնշում թույլատրելի չէ, դատապարտելի է, և նման որևիցե ազդեցություն չի եղել»,- ՍԴ նախագահ ընտրվելուց հետո այսօր «Ազատության հետ զրույցում վստահեցրեց Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճնշումներ են եղել դատավորների վրա։

«Մենք ներկայացրել ենք համապատասխան ծրագրեր։ Պարոն Շաթիրյանը և ես առաջադրվել ենք համապատասխան պաշտոնի, և դատարանը գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացրել»,- ասաց Վարդանյանը։

Մյուս թեկնածուն ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանն էր: Հոկտեմբերի 14-ին կայացած աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի նախագահ չէր ընտրվել՝ ոչ առաջին, ոչ էլ երկրորդ փուլում:

Այսօր էլ ընտրության առաջին փուլում գաղտնի քվեարկությամբ թեկնածուներից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով կողմ ձայներ: Ուստի անցկացվել է ընտրության երկրորդ փուլ: ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ՝ Վարդանյանը երկրորդ փուլում ստացել է 9 դատավարներից 5-ի ձայները:

ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյան

«6.5 տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր». Շաթիրյան

Երկրորդ թեկնածուի՝ Էդգար Շաթիրյանի համար այսօրվա ընտրության ելքն անկանխատեսելի չէր։ Հրաժարվեց խոսել ճնշումների մասին՝ պնդելով՝ «ճնշվողներից չէ»։ Բայց և դժգոհությունը չթաքցրեց:

«Շուրջ 6 ու կես տարի անց մենք ունեցանք դարձ ի շրջանս յուր։ Արդյոք սա՞ էր 2020թ.-ի հունիսին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության վերջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել այս ամենի հետ»,- հայտարարեց Շաթիրյանը:

Նա արդեն հայտարարել է, որ հրաժարական է տալիս ՍԴ փոխնախագահի պաշտոնից, բայց կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր:

«Այդ սև կատուն այդ սև սենյակում չկա». Վարդանյան

47-ամյա Վլադիմիր Վարդանյանը նախքան ՍԴ դատավոր ընտրվելը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր: Իսկ խորհրդարան տեղափոխվելուց առաջ՝ 2000-ականների սկզբից մինչև 2018 թվականը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՍԴ-ում, այդ թվում եղել է դատարանի աշխատակազմի ղեկավարը:

Յոթ տարի ՔՊ-ին անդամակցած Վարդանյանը կուսակցությունից դուրս եկավ ՍԴ դատավոր առաջադրվելուց ընդամենը մի քանի օր առաջ՝ այս տարվա մարտին: Այն ժամանակ նրա առաջադրումն ու ընտրությունը քննադատեցին ինչպես ընդդիմադիրները, այնպես էլ քաղհասարակությունը՝ կասկածի տակ դնելով Վարդանյանի անկախությունն ու անաչառությունը:

Քաղհասարակության ներկայացուցիչները հիշեցրել էին, որ նախկինում նմանատիպ իրավիճակ առաջացել էր նաև 2018-ին Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր, այնուհետև նախագահ ընտրվելու գործընթացում:

«Այդ ժամանակ նույն քաղաքական անթաքույց փոխկապակցվածության հանգամանքը հիմք էր ծառայել այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ով այդ ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր էր, այդ նշանակումը որակել որպես Սերժ Սարգսյանի կողմից «գործուղում» Սահմանդրական դատարան», - հիշեցրել էին քաղհասարակության ներկայացուցիչները:

«Այո՛, ես եղել եմ պատգամավոր, ես եղել եմ կուսակցության անդամ, ես իրականացրել եմ խորհրդարանում համապատասխան գործունեություն։ Բայց դատավորի երդումը տալուց հետո յուրաքանչյուրս պարտավորվում է առաջնորդվել տրված երդմամբ»,- այսօր հակադարձեց ՍԴ նորընտիր նախագահը՝ հիշեցնելով, որ ավելի քան 15 տարվա փորձ ունի Սահմանադրական դատարանում. - «Իհարկե, ամեն դեպքում ամեն ինչ կարելի է քաղաքականացնել և գտնել սև կատու սև սենյակում, հատկապես, որ այդ սև կատուն այդ սև սենյակում չկա»:

Վարդանյանը Բարձրագույն դատարանը կղեկավարի մինչև 2032 թվականը․ ՍԴ նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի: