Երևանի հավաստիացումները չեն համոզե՞լ. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը կոշտ քննադատում է վարչապետ Փաշինյանին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայեթին և Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը, Թեհրան, 14-ը դեկտեմբերի, 2025 թ.

Չնայած Իրանի աշխարհիկ իշխանությունների վերջին հայտարարություններին, թե TRIPP-ի հարցում «վստահում են հայ եղբայրներին», երկրի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը կրկին կոշտ քննադատել է Հայաստանի վարչապետին։ Նախօրեին իրանական Ettela'at թերթում հրապարակված հոդվածում Ալի Աքբար Վելայեթին Նիկոլ Փաշինյանին մեղադրել է Արևմուտքից կախվածությունն ավելացնելու մեջ, պնդելով, թե դա «բացում է թշնամանքի և լարվածության նոր գլուխ Հարավային Կովկասում»։

Ավելին, իրանցի պաշտոնյան պնդել է, թե այս մասին իր մտահոգությունները մի քանի անգամ արդեն փոխանցել է հայկական կողմին։ Վելայաթին, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի փոխարտգործնախարարի [անունը չի նշում, բայց նկատի ունի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին, որի հետ վերջին անգամ հանդիպել է անցած օգոստոսին] և Իրանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպումների ժամանակ հստակ ասել է`Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում պատերազմով և հնարավոր է, որ Հայաստանը սխալ հաշվարկներ անի՝ մտածելով, որ Ռուսաստանին քիչ է հետաքրքրում Հարավային Կովկասի անվտանգությունը: Վելայաթին ընդգծել է, որ որ Հարավային Կովկասը Իրանի անվտանգության բուֆերն է եղել:

«Եվ ես ասացի, որ Իրանը՝ Ռուսաստանի հետ կամ առանց նրա, իրեն պատասխանատու է համարում Հարավային Կովկասի անվտանգության պահպանման համար»,- գրել է պաշտոնյան՝ հավելելով. - «Ես վերջին խոսքն ասացի հայ դեսպանին՝ հստակ, որ եթե Թրամփը և նրա դաշնակիցները ցանկանան հատել իրանական այս կարմիր գիծը, մենք կջարդենք նրանց ոտքերը»:

Ինչ են ասում Իրանի իշխանության մյուս ներկայացուցիչները

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի այս գնահատականները հաջորդում են անցած շաբաթ խորհրդարանում TRIPP-ի վերաբերյալ հայ - ամերիկյան ռազմավարական համաձայնագրի վավերացմանը: Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ենթակառուցվածքային նախագծի շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարի, և որ այն շահավետ կլինի ու նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝Իրանի համար:

Վելայեթին առաջին անգամը չէ, որ նման կոշտ դիրքորոշում է արտահայտում: Անցած դեկտեմբերին Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը [որի մասին նաև հոդվածում է հիշատակում], ըստ իրանական կողմի, պաշտոնյան ասել էր, թե «Կովկասի համար «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքը», միայն անունն է փոխվել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նոր հայտարարություններ Իրանից ու ՌԴ-ից «Թրամփի ուղու» մասին. իշխանությունն արձագանքում է

ԱՄՆ-ի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Իրանը երբեք չի թաքցրել իր մտահոգությունները հայ - ամերիկյան նախագծի շուրջ: Բայց, ի տարբերություն գերագույն հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականի, աշխարհիկ իշխանությունների գնահատականներն ավելի մեղմ են, հատկապես` վերջին շրջանում:

Օրինակ, հոկտեմբերին ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում Երևան ժամանած Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «Ազատությանն» ասել էր, թե Թեհրանը «մտահոգություն չունի TRIPP-ի վերաբերյալ, քանի որ վստահում է իր հայ եղբայրներին»: Արաղչին հավելել էր, թե Թեհրանի մտահոգությունը կապված է տարածաշրջանում և Իրանի շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայության հետ, բայց կոնկրետ TRIPP-ի հարցում գիտեն, որ իրենց հայ գործընկերները «ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ»:

Օրեր անց նույն միտքը կրկնել էր Երևանում Իրանի դեսպանը:

«Թեհրանը TRIPP նախագծի շուրջ լուրջ մտահոգություններ ունի, և Հայաստանից ակնկալում է հավաստիացումներ, որ հայ-իրանական սահմանին և դրան հարակից տարածքներում որևէ երրորդ երկրի ուժերի ներկայություն չի լինի: Հայաստանի պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով բազմիցս հաստատել են այդ վստահությունը, հաստատել են, որ նմանօրինակ որևէ նախադեպ չի լինի: Հենց այդ փոխադարձ վստահությունն էլ մենք այդ հարցում ընդունում ենք որպես այն երաշխիք, որի երբեք այս նախագիծը չի շեղվի իր ճանապարհից ու որևէ վտանգ չի ստեղծի Իրանի համար», - ասել էր Խալիլ Շիրղոլամին:

Երևանը վստահեցնում է, թե փարատել է Թեհրանի բոլոր մտահոգությունները

Երևանը բազմիցս է հերքել, թե TRIPP-ը միջանցք է՝ վկայակոչելով հայ-ամերիկյան համաձայնագիրը, որում նշված է, որ «Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում TRIPP-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ»:

Երևանում համարում են, որ համոզիչ կերպով փարատել են Թեհրանի բոլոր մտահոգությունները: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս ասել էր, թե Իրանի իշխանությունները հստակ պատասխաններ են ստացել հայկական կողմից՝ իրենց սահմանին ամերիկյան ներկայության վերաբերյալ:

«Իրանական կողմում անշուշտ կան հարցեր, այդ հարցերին պատասխանները տրվել են։ Օրինակ, իրանական կողմը ասում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն TRIPP-ի երկայնքով: Մարդիկ հարցնում են, մենք էլ ասում ենք՝ չի՛ լինելու։ Թղթերը այդ մասին են վկայում, իրականությունը այդ մասին է վկայում: Այսինքն նորմալ է, որ իրենք այդ հարցը ունեն, մենք էլ այդ հարցի ճիշտ պատասխանը տալիս ենք։ Իրենք էլ ասում են՝ դե եթե չի լինելու, իրենք էլ այդ երկաթուղային ցանցը կարողալու են օգտագործել, շատ լավ», - ասել էր Հայաստանի գլխավոր դիվանագետը:

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ որդեգրել են բալանասավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, որի մեջ «առանցքային դեր ունի տարածաշրջանացումը»: Կառավարության հնգամյա ծրագրում նշված է, որ դրա նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է, և այդ իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունի կարևոր նշանակություն։

Կոնկրետ Իրանի հետ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի խորացնել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերություններ:

«Իրանի հետ ակտիվ քաղաքական երկխոսության պահպանումը, առևտրատնտեսական կապերի ընդլայնումը երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունների թվում են: Շարունակվելու են Իրանի հետ էներգետիկ համագործակցության խորացումը, սահմանային ենթակառուցվածքների զարգացումը և Իրանի միջոցով հաղորդակցային ուղղությունների ընդլայնումը (Հյուսիս-հարավ, Պարսից ծոց–Սև ծով)», - նշված է Նիկոլ Փաշինյանի կառավարության հնգամյա ծրագրում:

Ինչպե՞ս է Երևանը բացատրում Իրանից հնչող այս կոշտ գնահատականները Հայաստանի իշխանության և նրա վարած արտաքին քաղաքականության հասցեին, և ինչո՞ւ Երևանի փաստարկները փաստացի չեն համոզել Իրանի իշխանության հոգևոր թևին. «Ազատությունն» այսօր այս հարցերը գրավոր ուղղել է Վելայեթիի հետ հանդիպած փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք: