Ռումբի սպառնալիքներ Եվրոպայի երկնքում

Մի շարք օդանավեր փոխել են երթուղիները, օդանավակայաններում անվտանգության ստուգումներ են, առայժմ սպառնալիքներից ոչ մեկը չի հաստատվել։

Եվրոպայի մի շարք երկրներում ռումբի սպառնալիքների մասին հաղորդումները խաթարել են օդային երթևեկությունը։ Դրանց հետևանքով մի շարք ինքնաթիռներ ստիպված են եղել փոխել իրենց երթուղիները, վայրէջք կատարել այլ օդանավակայաններում կամ ռազմական ինքնաթիռների ուղեկցությամբ շարունակել թռիչքը։ Առայժմ սպառնալիքներից ոչ մեկը չի հաստատվել։

Չեխիայի ոստիկանությունն այսօր հայտնել է, որ Պրահա ուղևորվող չորս ինքնաթիռներ ռումբի սպառնալիքներ են ստացել։ Ոստիկանությունը սպառնալիքների հավաստիությունը ցածր է գնահատել, սակայն ընդգծել է, որ դրանք լուրջ են ընդունում։

«Մենք չենք թերագնահատում սպառնալիքը, այդ պատճառով գործի են դրվել անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- հայտարարել են ոստիկանությունից՝ հավելելով՝ ինքնաթիռների վայրէջքից հետո բոլոր չորս օդանավերը ենթարկվել են պայթուցիկ նյութերի հայտնաբերման մասնագիտական ստուգումների։

Պրահայի դեպքը, սակայն, այսօրվա միակ միջադեպը չէր։ Ռումբի սպառնալիքների կամ կասկածելի ահազանգերի պատճառով մի շարք ինքնաթիռներ փոխել են իրենց երթուղիները Եվրոպայի տարբեր հատվածներում։

Չվերթներ՝ Ֆրանսիա, Բելգիա, Բուլղարիա

Այսօր Դուբլինից Հռոմ թռչող Aer Lingus-ի Airbus A320 ինքնաթիռը ռումբի ահազանգից հետո փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Ֆրանսիայի հյուսիսում՝ Էվրե ավիաբազայում։ Ֆրանսիայի վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ 151 ուղևորներն ու անձնակազմի վեց անդամները տեղափոխվել են անվտանգ վայր, իսկ օդանավը ստուգել են պայթուցիկ նյութերի վնասազերծման մասնագետները։

Վարշավայից Բրյուսել ժամանող լեհական LOT ավիաընկերության ինքնաթիռը ևս վայրէջք է կատարել կասկածելի ահազանգից հետո։ Օդանավակայանի ներկայացուցիչների խոսքով՝ անվտանգության լրացուցիչ միջոցառումների կարիք չի եղել։

Բրյուսելի օդանավակայանը՝ Եվրոպայում ռումբի ահազանգերի ֆոնին

Ռումբի սպառնալիքներ են ստացվել նաև Հելսինկիից Հռոմ թռչող Finnair-ի և նույն օրը Հելսինկիից Վիեննա ուղևորվող՝ Jettime-ի շահագործած մեկ այլ ինքնաթիռի վերաբերյալ։ Առաջինը վայրէջք է կատարել Հռոմում, երկրորդը՝ Վիեննայում։

Բուլղարիայում երեք ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել․ Կոպենհագենից և Մադրիդից ժամանողները՝ Սոֆիայում, Լոնդոնից թռչողը՝ Պլովդիվում։

Միլանից Վարշավա ուղևորվող Wizz Air-ի ինքնաթիռը ևս ռումբի սպառնալիքից հետո փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Վիեննայում։

Նախորդ օրերին ևս տասնյակ ահազանգեր են եղել

Եվրոպայում օդային երթևեկության խափանումների մասին հաղորդումները միայն այսօրվան չեն վերաբերում։ Միայն նոյեմբերի 3-ին ռումբի սպառնալիքներ են ստացել առնվազն յոթ չվերթ և մեկ զբոսաշրջային նավ։

Reuters-ի տվյալներով՝ այդ օրը անվտանգության ստուգումներ են իրականացվել Ryanair-ի չորս ինքնաթիռներում՝ Իտալիայում, Իսպանիայում և Բուլղարիայում։ Լիսաբոնից և Դուբլինից Հռոմ ժամանած երկու օդանավ ստուգվել են Ֆյումիչինո օդանավակայանում։ Մանչեսթերից ժամանող ինքնաթիռի ուղևորները տարհանվել են Մուրսիայի օդանավակայանում, իսկ Դուբլինից Սոֆիա թռչող՝ 185 ուղևոր ունեցող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։ Նույն օրը ստուգվել է նաև Միլան/Բերգամո-Սոֆիա չվերթի Wizz Air-ի ինքնաթիռը՝ 176 ուղևորով։

Ռումբի սպառնալիքներից հետո չնախատեսված վայրէջքներ են կատարել նաև Լոնդոնից Վարշավա թռչող LOT-ի և Կոպենհագենից Վարշավա ժամանող SAS-ի ինքնաթիռները։ Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ սպառնալիքը չի հաստատվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռումբի սպառնալիքից հետո Լեհաստանում երկու ինքնաթիռ է վայրէջք կատարել և ստուգվել

Նոյեմբերի 2-ին Լոնդոնի Լյուտոն օդանավակայանից Սոֆիա թռչող Wizz Air-ի ինքնաթիռը սպառնալիքից հետո փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Բուդապեշտում։

Նման դեպք էր գրանցվել նաև հոկտեմբերի 18-ին․ Թել Ավիվից Վիեննա թռչող Austrian Airlines-ի Airbus A320-ը Ռումինիայի օդային տարածքում ստացված ահազանգից հետո վայրէջք էր կատարել Սոֆիայում՝ բուլղարական MiG-29 կործանիչի ուղեկցությամբ։

Բոլոր դեպքերում ստուգումներից հետո պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Wizz Air-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բուդապեշտում՝ ռումբի սպառնալիքի պատճառով

Ո՞վ է կանգնած սպառնալիքների հետևում

Մինչև այժմ որևէ երկիր պատասխանատվություն չի ստանձնել այս սպառնալիքների կազմակերպման համար։

Արևմտյան լրատվամիջոցներն ընդգծում են, որ միջադեպերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ եվրոպացի պաշտոնյաները Ռուսաստանին և Իրանին մեղադրում են «հիբրիդային հարձակումների» և դիվերսիոն գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը հերքում են նման արշավ կազմակերպելու մեղադրանքները։

Ի դեպ, մի շարք եվրոպական երկրներում այս շաբաթ հաքերները խափանել էին նաև սուպերմարկետների սառնարանների աշխատանքը։

Որոշ փորձագետների կարծիքով՝ ռումբի կեղծ ահազանգերը ևս կարող են լինել նմանատիպ խափանումների մաս։ Այդուհանդերձ, այս պահի դրությամբ ռումբի սպառնալիքների կազմակերպիչների կամ դրանց միջև հնարավոր կապի վերաբերյալ պաշտոնական եզրակացություն չկա։