Ընդդիմադիրների հավաքից հետո կառավարության ծրագրերը չեն փոխվել, փորձելու են ստանալ հարցի պատասխանը՝ եթե Սահմանադրությունի փոխվի, երաշխիք կա՞, որ Բաքուն կստորագրի խաղաղության պայմանագիրը: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր մի շարք ուժեր, այդ թվում՝ խորհրդարանական երկու խմբակցությունները՝ «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը» երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած փակ հանդիպումից հետո հայտարարեցին, որ համախմբվում են «ալիևյան սահմանադրության պարտադրանքը» մերժելու շուրջ:
«Մենք որևէ բան չենք անում ընդդիմության համար, պարզապես ընդդիմությունը հարց է հնչեցրել, որը մեզ թվացել է խելամիտ, մենք պետք է գնանք այդ հարցի պատասխանը գտնելու», - ասաց Փաշինյանը:
Ընդդիմադիր խմբակցությունները կառավարության մշակած նոր Սահմանադրությունն անվանում են «ալիևյան» և հայտարարում, որ չեն աջակցի իշխանությանը՝ խորհրդարանում փաստաթուղթը հանրաքվեի դնելու որոշումն ընդունելու համար: Նոր Սահմանադրության նախագծում չկա հղումն Անկախության հռչակագրին, իսկ այն Հայաստանի մայր օրենքից հանելը Բաքուն նախապայման է դարձրել՝ հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Իշխանությունը հերքում է սա՝ պնդելով, որ նոր Սահմանադրության ընդունումը ներքին օրակարգ է: