«Չարաշահումներն իրենից են»․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին

Մարդը չի կարա իրա ընկերությունից չարաշահում անի, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալման մասին «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

«Ո՞վ էր ՀԷՑ-ի սեփականատերը, Սամվել Կարապետյանը, չարաշահումները իրենից են, մարդը չի կարա իրա ընկերությունից... եթե մարդն ունի «Հայկական ժամանակ» թերթ, ինքը չի կարա «Հայկական ժամանակ» թերթից չարաշահում անի, որովհետև ինքն է սեփանակատերը», - ասաց Նարեկ Կարապետյանը:

Սամվել Կարապետյանն այսօր ձերբակալվել է ՀԷՑ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով:

Ընդդիմադիր պատգամավորը կրկին տեղի ունեցողը կապեց նոր Սահմանադրության շուրջ «Ուժեղ Հայաստանի» կոշտ դիրքորոշման հետ ու պնդեց, թե Նիկոլ Փաշինյանն այսպես փորձում է իրենց «համոզել»:

«Ազատության» հարցին՝ բացառո՞ւմ է, որ ինչ-որ փուլում կհամոզվեն, Կարապետյանը պատասխանեց. «Ո՞նց եք կարծում, մեր երկրի հակառակորդ համարվող ուժը մեզ հրամցնում է մի Սահմանադրություն, դա էլ թուղթ չի, բոլոր օրենքներով որով ապրելու եք Սահմանադրությունն է: Դրա փոփոխությունն Ադրբեջանի ասելով, ոնց որ մեզ ասեն՝ նստի, վեր կաց իրանց ձևով»:

Կարապետյանն այսօր ավելի վաղ պնդել է, թե իրենց դիրքորոշումը չեն փոխի, եթե նույնիսկ «հարյուրավոր մարդկանց կալանավորեն»: Իշխանություններն առայժմ չեն արձագանքել այս պնդումներին:

Նա պնդեց՝ այս գործողությունների նպատակն է Սամվել Կարապետյանին կալանավորելը: «Փորձելու են, իբր, դա բանակցային կետ սարքել»:

Միևնույն ժամանակ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ հանրությանն ունեն հետաքրքիր առաջարկ, որը վաղը պետք է Սամվել Կարապետյանը կազմակերպեր: «Վաղը պետք է կարևոր բան լիներ, բայց այդ կարևոր բանը կլինի», - ասաց նա՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:

Վերջին օրերին հայաստանյան ներքաղաքական քննարկումների գլխավոր թեման նոր Սահմանադրությունն է, որն ընդդիմությունն անվանում է «ալիևյան» և հայտարարում, որ չի աջակցի իշխանությանը՝ խորհրդարանում փաստաթուղթը հանրաքվեի դնելու որոշումն ընդունելու համար: Վերջին ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած իշխող «Քաղաքացիական պայմանագրին» առնվազն վեց ընդդիմադիրի ձայն է պետք՝ հանրաքվեի որոշումն ընդունելու համար:

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության համար։ Այս գործն արդեն դատարանում է, գործարարը տնային կալանքի տակ է: Նա պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սամվել Կարապետյանին բերեցին ՔննչականՍամվել Կարապետյանը ձերբակալվել է ՀԷՑ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով