Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը ձերբակալվել է, այս մասին «Ազատությանը» հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը:
ՔԿ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, նշելով, որ ՀԷՑ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու (4 դրվագ), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով: Քննիչի կողմից կայացվել է նրանց ձերբակալելու որոշում:
Մասնավորապես, ըստ հաղորդագրության, Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձանապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Ըստ Քննչականի հայտարարության՝ նշված անձանց մեջ են եղել ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի առանձին անդամներ, ընկերության գլխավոր տնօրենն ու նրա տեղակալը, ինչպես նաև այլ պատասխանատու անձինք։
Նրանք, չարաշահելով իրենց լիազորությունները, ներգրավել են ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտությունից ավելի մեծ ծավալի վարկային միջոցներ, ապա այդ գումարները շահաբաժինների, փոխառությունների և կանխավճարների տեսքով փոխանցել բաժնետերերին ու փոխկապակցված այլ կազմակերպությունների։
Ըստ ՔԿ-ի՝ ընկերությունից ապօրինի դուրս է բերվել 23 մլրդ 158 մլն 169 հազար 29 դրամ։ Գումարի մի մասը տրամադրվել է ՀԷՑ-ի բաժնետերեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիտեդ»-ին և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին՝ որպես շահաբաժին։ Ինչի արդյունքում ընկերությանը պատճառվել է ընդհանուր՝ 64 մլրդ 585 մլն 780 հզր 24 դրամի վնաս:
Ձեռք բերված ֆինանսական միջոցներն օրինականացնելու նպատակով՝ Կարապետյանի հետ փոխկապակցված ավելի քան 10 կազմակերպությունների ղեկավարներ քաղաքացիաիրավական և կորպորատիվ շրջանակում շրջանառելու պատրանք ստեղծելու եղանակով քողարկել են գումարների ծագումը և միախառնել են իրենց այլ եկամուտներին՝ դրանց տալով օրինական տեսք, կատարել են փողերի լվացում, այդպիսով փաստացի ստանալով հանցավոր օգուտ:
Քրեական վարույթի շրջանակում ՀՀ ԱԱԾ, ՆԳՆ և ՊԵԿ աշխատակիցների հետ համատեղ 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Խուզարկություններ՝ Կարապետյանների բնակարաններումՄիլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության համար։ Այս գործն արդեն դատարանում է, գործարարը տնային կալանքի տակ է:
Գործարարը պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: