Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն դեռ չկա

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան, արխիվ

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն այս պահին ներկայացված չէ, «Ազատությանը» հայտնել են Գլխավոր դատախազությունից:

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար նախ պետք է Ազգային ժողովի համաձայնությունը:

Իրավապահներն այսօր խուզարկություններ են իրականացրել տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի և նրա եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի առանձնատներում, ինչպես նաև Կարապետյանների հետ կապված ավելի քան վեց տասնյակ այլ հասցեներում:

Առանձնատան խուզարկությունից հետո Սամվել Կարապետյանին տեղափոխել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Առայժմ պարզ չէ Կարապետյանի կարգավիճակը և արդյոք նրան կալանավորելու միջնորդություն կա: Քննչական կոմիտեն ժամեր շարունակ տեղեկատվություն չի տրամադրում:

Միլիարդատեր գործարարն արդեն իսկ մեղադրյալ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության հոդվածներով: Այս գործն արդեն դատարանում է: