Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ռուսաստանին կոչ է արել հաջորդ շաբաթ Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում ցույց տալ, որ լրջորեն է տրամադրված հրադադարի և խաղաղության համաձայնագրի հարցում։ Այս մասին նա հայտարարել է այսօր Բեռլինում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
Մերցի խոսքով՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցությունների նոր փուլը «ճիշտ քայլ է»՝ մարտական գործողությունները դադարեցնելու համար։ Նա ընդգծել է, որ գործընթացին պետք է մասնակցի նաև Եվրոպան։
«Բայց Ռուսաստանը վերջապես պետք է լրջորեն ներգրավվի հրադադարի և դրան հաջորդող խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում։ Մինչև օրս դրա որևէ նշան չեմ տեսել»,- լրագրողներին ասել է Մերցը։
Նոյեմբերի 10-ին և 11-ին Աբու Դաբիում կայանալիք հանդիպումը փետրվարից ի վեր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առաջին ուղիղ բանակցությունները կլինեն։
Զելենսկին հայտնել է, որ նախատեսվում է քննարկել անվտանգության երաշխիքները, «էներգետիկ հրադադարը» և Սև ծովում զինադադարի հաստատումը՝ պարենի արտահանումն ապահովելու համար։
Մերցն ասել է, որ ցանկացած երկարաժամկետ համաձայնություն պետք է ներառի նաև եվրոպական երկրներին, որոնք մինչ այժմ հիմնականում դուրս են մնացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների գլխավորած բանակցային գործընթացից։
Ուկրաինայի ապագան չի կարելի քննարկել առանց Կիևի. Մերց
Անդրադառնալով դեկտեմբերին Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարների հանդիպմանը՝ Մերցն ասել է, որ եթե Թրամփը հրավիրի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա պետք է հրավիրվի նաև Զելենսկին։
«Իմ կարծիքով՝ լիովին անընդունելի է, երբ երրորդ երկրները քննարկում են Ուկրաինայի ապագան՝ առանց հենց Ուկրաինայի մասնակցության», - ասել է նա՝ ընդգծելով՝ քննարկումները պետք է իսկապես հանգեցնեն ռազմական գործողությունների ավարտին։
Մերցը նշել է, որ Գերմանիան կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։ «Մենք դա անում ենք մեր շահերից ելնելով, Եվրոպայի շահերից ելնելով և Եվրոպայում կայուն քաղաքական կարգի պահպանման համար»,- ասել է կանցլերը։