Ռուսաստանը հույս ունի, որ Հարավային Կովկասում համագործակցությանը նվիրված «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հերթական հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի չորրորդ միջազգային համաժողովի լիագումար նիստում։
«Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ տանել միավորող օրակարգը։ Հույս ունենք, որ մոտ ապագայում այս ձևաչափով հերթական հանդիպումը կկայանա»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 15-ին, Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը նպատակահարմար է համարում «3+3» ձևաչափով արտգործնախարարների առաջիկա հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Հայաստանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լավրովը ճիշտ է համարում «3+3» առաջիկա հանդիպումն անցկացնել Բաքվում, հաջորդը՝ Երևանում«3+3» ձևաչափը նախատեսում է Հարավային Կովկասի երեք պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաև երեք հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությունը։ Հարթակը նախատեսված է տարածաշրջանային համագործակցության և անվտանգության հարցերի քննարկման համար։
Նախաձեռնության շրջանակում առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայում, արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ 2023 թվականի հոկտեմբերին բանակցություններն առաջին անգամ անցկացվել են արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ Թեհրանում։
Հարթակի վերջին նիստը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում։ Հերթական հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտարարված չէ։ Վրաստանը, չնայած բազմիցս ստացած հրավերներին, մինչև օրս չի միացել հարթակի աշխատանքներին։