Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն է հայտնել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավոր Գևորգ Մանուկյանին՝ Մայր աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի գործից հրաժարվելու համար:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը:
Դատավոր Մանուկյանն այս տարվա մարտին՝ հենց առաջին նիստում հրաժարվել էր քննել Խաչատրյանի գործը: Սրբազանի փաստաբանները դատավորին բացարկ էին հայտնել՝ պնդելով, որ Մանուկյանը նախկինում աշխատել է Արմավիրի քննչականում, որն էլ քննել է բարձրաստիճան հոգևորականի դեմ քրեական վարույթը: Ընդգծել էին, թե թեև այդ պահին չկան օբյեկտիվ տվյալներ դատավորի՝ կաշկանդված լինելու մասին, բայց հետագայում չի բացառվում դա։ Դատավորն էլ որոշել էր ինքնաբացարկ հայտնել:
Արշակ Սրբազանն ամբաստանյալի աթոռին է հայտնվել յոթ տարի առաջ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու մեղադրանքով: Դատարանը դեռ քննում է այս գործը: