ԿԸՀ-ն կուսումնասիրի թեկնածու ենթականերին աշխատանքից ազատելու՝ Սպիտակի քաղաքապետի որոշումները

Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյան, արխիվ

«Ազատության» տեղեկություններով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարչական վարույթ է նախաձեռնել Սպիտակի համայնքապետի կողմից իր ենթականերին աշխատանքից հեռացնելու փաստով:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը իր տեղակալներից մեկին և ևս 3 վարչական ղեկավարի աշխատանքից ազատել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Սպիտակի առաջիկա ՏԻՄ ընտրություններում իր ենթակաները ընդգրկվել են մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակում և ավագանու անդամի թեկնածուներ են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սպիտակում համայնքապետի ենթակաները նրա դեմ են դուրս եկել․ ընտրություններին կմասնակցեն մրցակցի թիմում

«Բարոյական արժեքների» ցուցակում են ընդգրկվել խոշորացված Սպիտակի ավելի քան մեկ տասնյակ բնակավայրերի վարչական ղեկավարները:

Շիրակամուտի վարչական ղեկավարը, որը Սպիտակում «Բարոյական արժեքների» շտաբի պետն է, «Ազատության» հետ զրույցում այսօր չի բացառել, որ ինքը ևս ազատման հրաման կստանա:

Նախքան ազատման հրամանները՝ մրցակից քաղաքական թիմում ընդգրկված վարչական ղեկավարները իրենց էլեկտրոնային փոստին նամակ են ստացել, որ արձակուրդ չգնան, քանի որ ծանր աշխատանքային շրջան է: Մինչդեռ, ինքը՝ Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը երեկվանից արձակուրդի մեջ է: