«Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրությունների չի հասնի». Փաշինյան

«Երեկվա հարցուպատասխանն ինձ համար ակնհայտ դարձրեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրությունների չի հասնի», - այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման հարցին:

Վարչապետ Փաշինյանը ասաց, որ երեկվա ԱԺ հարցուպատասխանից հետո հավանական է համարում, որ ներկայացնի առաջարկ, որից ընդդիմությունը չկարողանա հրաժարվել։

«Մենք պետք է աշխատենք, որպեսզի այդ առաջարկը ձևակերպենք, որովհետև ընդդիմությունն ինքը լրացուցիչ քայլ արեց ու Սահմանադրության պրոցեսը կապեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հետ ու ի վերջո նաև արձանագրեց խաղաղության օրակարգի հետ կապվածությունը որոշակի շեշտադրումներով: Այսինքն ընդդիմությունը հարց բարձրացրեց, որին մենք պետք է պատասխանենք: Եթե ես ունենամ այդ պատասխանը, դա ինձ մղում է մտածել, որ ես իրոք կկարողանամ անել առաջարկ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Թե ի՞նչ առաջարկի մասին է խոսքը, վարչապետը դեռ չի մանրամասնում։

Փաշինյանի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումը ներառված է եղել իշխող քաղաքական ուժի նախընտրական ծրագրում, որի օգտին քվեարկել է ավելի քան 700 հազար քաղաքացի, և իրենք պետք է իրականացնեն այդ ծրագիրը:

Նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը հարց էր ուղղել Փաշինյանին. «Իրենց [Ադրբեջանի] վարքագիծը որտեղի՞ց է տալիս ձեզ այն կանխավարկածը, որ հետո մի հատ էլ ուրիշ մի բան չի ասվի»:

«Ճի՞շտ եմ հասկանում, որ դուք ասում եք, որ եթե դա է վերջին կետը, քննարկելի է, կարող ենք գնալ դրան», - արձագանքել էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան՝ ընդդիմությանն առաջարկելով աջակցել իրենց՝ նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում հաստատելուն, ապա գնալ հանրաքվեի. եթե հանրաքվեով այն չանցնի, ասել էր՝ հրաժարական կտան, կհեռանան:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե իշխանությանը չհաջողվի համոզել ընդդիմությանը՝ աջակցել նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշմանը։

Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները պարբերաբար են հայտարարել՝ «կողմ չեն քվեարկելու Ալիևի պարտադրած Սահմանադրությանը»: Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միրզոյան. «Գնանք հանրաքվեի, եթե նոր Սահմանադրությունը չանցնի, հրաժարական կտանք»