Զախարովան «շտապողական և ագրեսիվ» է որակել ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքը

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան «շտապողական և ագրեսիվ» է որակել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զեկույցին Հայաստանի իշխանությունների արձագանքը։

«Ցավոք, Մոսկվայի հասցեին Երևանի անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում՝ կապված գլխավոր հարցի հետ, որը մտահոգում է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ մյուս երկրների բնակչությանն ու բիզնեսին. ի վերջո, ո՞ւր է ինտեգրվում Հայաստանը», - հայտարարել է Զախարովան։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ մյուս չորս երկրների պատրաստած զեկույցը որակել էր Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու փորձ՝ պնդելով, որ դրա նպատակը Հայաստանին անկախությունից զրկելն է։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարել էր, թե ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի անդամակցությունը կասեցնելու իրավական հիմքեր գտնելու փորձերի հետևում քաղաքական շարժառիթ է տեսնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության կասեցման հնարավորությունը քննարկելու հետևում քաղաքական շարժառիթ կա․ Միրզոյան

Նախարարի խոսքով՝ Հայաստանը չի խախտել ԵԱՏՄ շրջանակում ստանձնած որևէ պարտավորություն, հետևաբար անդամակցությունը կասեցնելու իրավական հիմք չկա։

Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը զեկույց էին պատրաստել, որում քննարկվում էր Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավորությունը։ Թեև ԵԱՏՄ պայմանագիրը նման մեխանիզմ չի նախատեսում, հեղինակները հղում էին արել Վիեննայի կոնվենցիային՝ բազմակողմ պայմանագրի էական խախտման դեպքում դրա գործողությունը կասեցնելու հնարավորությանը։