TRIPP-ի համաձայնագիրը վավերացվեց. ընդդիմադիրները դեմ քվեարկեցին

Խորհրդարանն այսօր 63 կողմ, 32 դեմ ձայնով վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը:

Փաստաթուղթը երեկ էր քննարկվել, այն ներկայացրել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստանը» քննադատել էին համաձայնագիրը, և այսօր փաստորեն դեմ քվեարկեցին:

Միջպետական այս փաստաթղթով ամրագրվում է, որ Հայաստանը անխոչընդոտ կապ է տրամադրում Ադրբեջանին՝ Սյունիքով Նախիջևան հասնելու համար՝ Հայաստանի համար փոխադարձ առավելություններով:

Երևանի ու Վաշինգտոնի միջև ստորագրված համաձայնագիրը նաև ամրագրում է, որ ենթակառուցվածքներում Հայաստանի օրենքներն են գործելու: Սյունիքով անցնող երկաթուղին ու ճանապարհը գործելու են ֆրոնտ օֆիս - բեք օֆիս տրամաբանությամբ: Հայաստանի իշխանությունները չեն բացառում, որ TRIPP-ով անցնելիս Ադրբեջանի քաղաքացիները գուցե ընդհանրապես հայ սահմանապահների չհանդիպեն, անցումն իրականացվի թվային գործիքների կիրառմամբ:

Ընդդիմադիրների դժգոհությունը հիմնականում կապված է Հայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանով անցման պայմանների անորոշության հետ: Բաքուն անխոչընդոտ կապ ապահովելու պարտավորություն չի ստանձնել, Ադրբեջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների երթևեկության վերաբերյալ որևէ փաստաթուղթ մինչ օրս չի ստորագրել, անգամ բանավոր հայտարարություններ չկան, թե օրինակ՝ սահմանային անցման ինչ մեխանիզմներով են Հայաստանի քաղաքացիները Նախիջևանի տարածքով Հայաստանի հյուսիսից հարավ տեղափոխվելու ու հակառակը:

Հայաստանի իշխանություններն այս հարցին հստակ պատասխան չեն տալիս, արտգործնախարարը վերջերս միայն ասել էր, թե սա «դեռ ճշգրտման կարիք ունի»: