Ձայների կեսի հաշվարկով՝ Նեթանյահուի ուժը մի փոքր առաջ է անցել մրցակցից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Արխիվային լուսանկար

Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է երեկվա խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների մոտ կեսը, որոնց վրա հիմնված նախնական տվյալներով՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի աջակողմյան դաշինքը ստանում է Քնեսեթի 120 տեղերից 55-ը, հայտնում է Euronews-ը։

Նեթանյահուի գլխավոր մրցակից, բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր «Յաշար» դաշինքը ստանում է 49 մանդատ։ Արաբական դաշինքը՝ 15 մանդատ։

Այս թվերը կարող են փոփոխվել ձայների հաշվարկի ընթացքում։

Փաստացի ոչ մի քաղաքական ուժ այս պահի դրությամբ չի ապահովում բացարձակ մեծամասնություն՝ 61 մանդատ, և հետևաբար չի կարող միայնակ կառավարություն ձևավորել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում, ըստ հարցումների, ոչ մի ուժ չի ստանում մեծամասնություն

Ընտրություններին գրանցվել է մասնակցության աննախադեպ ցուցանիշ՝ 77%: Սրանք առաջին ընտրություններն էին Իսրայելի վրա Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման 2023-ի հոկտեմբերի 7-ի հարձակումից ի վեր։

Քվեարկությունը լայնորեն դիտվում է որպես Նեթանյահուի առաջնորդության վերաբերյալ հանրաքվե։ Երեկ նա օրվա մեծ մասն անցկացրել էր՝ կոչ անելով իր կողմնակիցներին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել՝ ընտրությունները անվանելով «կենաց մահու» հարց։

Առավոտյան ժամը 3-ից հետո Երուսաղեմում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալով՝ Նեթանյահուն պատմել է Իսրայելի ռազմական նվաճումների մասին վերջին երեք տարիների ընթացքում և խոստացել ավարտին հասցնել գործն իրանական ռեժիմի դեմ պայքարում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

120 մանդատ, 38 ուժ. Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

Դիմելով մրցակիցներին՝ նա հայտարարել է, որ ոչ մի կառավարություն չպետք է ձևավորվի արաբական կուսակցությունների վրա հիմնվելով։

Այզենկոտն իր հերթին է ուղերձով դիմել իսրայելցիներին՝ հիմնականում կենտրոնանալով ազգային միասնության վրա և խոստանալով ձևավորել կառավարություն: Ընդդիմադիր գործիչը նաև խոստացել է «նոր դարաշրջան՝ հույսի դարաշրջան»։

«Այսօր Իսրայելում հանրաքվե անցկացվեց այն մասին, թե ով կղեկավարի երկիրը առաջիկա տարիներին։ Ժողովուրդը քվեարկեց փոփոխությունների օգտին», - ասել է Այզենկոտը։