«Պետականամետ իշխանություն է պետք». Կարապետյանն արձագանքում է Փաշինյանին

Գործարար, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյան

Պետականամետ իշխանություններ են պետք, հակադարձում է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետականամետ ընդդիմության անհրաժեշտության մասին հայտարարությանը:

«Ընդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ», - այսօր իր դատական հերթական նիստից առաջ լրագրողներին ասաց Կարապետյանը:

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում համայնքների գերակշիռ մասում իր առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակից հետո, նկատի ունենանալով նաև Սամվել Կարապետյանի ուժին, Փաշինյանը հայտարարել էր, թե գործող «լրտեսական, այլ երկրներից կառավարվող ընդդիմությունը ոչնչացվել է» և ժամանակն է, որ նրանց փոխարինեն պետականակենտրոն ընդդիմադիր ուժերը:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությանը՝ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա այդ քայլին, սակայն անգամ այդ սցենարի դեպքում, վստահ է սեփական ուժի հաղթանակի վրա։

«Մենք կմասնակցենք, կհաղթենք, ինչպե՞ս ... ինքը գիտի ոնց ենք հաղթում»,- ասաց Կարապետյանը՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժը չի հաղթի արտահերթ ընտրություններում:

Օրերս Նիկոլ Փաշինյանը չէր բացառել արտահերթ ընտրությունները, եթե իշխանությանը չհաջողվի համոզել խորհրդարանական ընդդիմությանը՝ աջակցելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն։

Այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը վերահաստատեց՝ որ «հնարավոր ճանապարհներից մեկը դա է»։

Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է առնվազն 70 պատգամավորի աջակցություն, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին հայտարարությանը օրերս արձագանքել էր նաև ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ», - գրել է Կարապետյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ավտորիտարիզմի կամ բռնապետության տպավորություն է թողնում». Փաշինյանը իր կուսակցության ստացած ձայների մասին «Փաշինյանը կկորցնի իշխանությունը». «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է նոր ընտրությունների, «Հայաստանը» «շանտաժ» է համարում