«Ավտորիտարիզմի կամ բռնապետության տպավորություն է թողնում». Փաշինյանը իր կուսակցության ստացած ձայների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե «ամենևին էլ երջանիկ չէ», որ իր առաջնորդած կուսակցությունը կիրակի կայացած ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում 70, 80, 90 և ավելի տոկոս ձայն է ստացել:

Ութ տարի Հայաստանը ղեկավարող Փաշինյանի խոսքով՝ այս թվերը ավտորիտարիզմի կամ բռնապետության տպավորություն են թողնում:

Նման բարձր արդյունքներ ՔՊ-ն կամ նրա կազմած դաշինքները գրանցել են Արտաշատում՝ 86 տոկոս, Արաքսում՝ 71 տոկոս, Արմավիրում՝ 96 տոկոս, Գավառում՝ 81 տոկոս, Վարդենիսում՝ 93 տոկոս, Ծաղկաձորում՝ 84 տոկոս, Հրազդանում՝ 90 տոկոս, Ախուրյանում՝ 92 տոկոս, Գորիսում՝ 93 տոկոս, Ջերմուկում՝ 92 տոկոս:

Ընդ որում՝ Վարդենիսում, Արմավիրում, Վայքում, Գառնիում ու Ախուրյանում ՔՊ-ն մրցակից չուներ, ընդդիմադիրներն այստեղ ընտրություններին չէին մասնակցում:

Մինչ ընդդիմությունը պնդում է, որ տեղերում իշխող ուժի մեծածավալ ճնշումներն են պատճառը, որ շատ համայնքներում իրենց թիմակիցներն անգամ չեն մտել ընտրապայքարի մեջ, Փաշինյանն այսօր պնդում էր, թե կատարել է խոստումը և «ոչնչացրել լրտեսական եռագլուխ կամ քառագլուխ կուսակցությանը» [խմբ. - նկատի ունի ընդդիմադիր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին», Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանին», Սերժ Սարգսյանի Հանրապետականին, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանին» ու նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին]: Դա նրա խոսքով՝ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օգնությամբ և աջակցությամբ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՏԻՄ ընտրություններ Հայաստանում. մի շարք համայնքներում ճնշումների, ուղղորդումների մասին ահազանգեր կան (լրացվող)

Ընդդիմադիր առաջնորդներից Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը բանտում են, Սամվել Կարապետյանը՝ տնային կալանքի տակ, Սերժ Սարգսյանը ազատության մեջ է, բայց մեղադրյալ է մի քանի գործով:

Կիրակի կայացած ընտրություններին Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցել, Սերժ Սարգսյանի Հանրապետականը մասնակցել է Մարտունիում՝ դաշինքով, ՔՊ-ից հետո զբաղեցնելով երկրորդ տեղը:

«Ուժեղ Հայաստանը» 19 համայնքներից մասնակցել է միայն Ստեփանավանում՝ 4 ուժերի մեջ զբաղեցնելով 3-րդ տեղը, Քոչարյանի հետ դաշինք կազմած Դաշնակցությունը՝ միայն Արտաշատում, Մարտունիում, Ծաղկաձորում և Հրազդանում:

Փաշինյանն այսօր մի կողմից խոսում էր գործող ընդդիմությանը «արմատախիլ անելու», մյուս կողմից «պետականակենտրոն» ընդդիմության ստեղծման մասին:

«Մենք այս հարցը քննարկել ենք տարբեր ձևաչափերով, բայց մյուս կողմից ի՞նչ կարող է անել և ի՞նչ պետք է անի կառավարությունը նոր ընդդիմության ձևավորման համար: Մեր եզրակացությունն այն է, որ մենք ոչ մի բան պետք է չանենք», - ասաց Փաշինյանը. - «Հակառակ դեպքում մենք կարող ենք ընկնել ավելի վատ վիճակի մեջ, երբ վատագույն պրակտիկան Հայաստանում վերականգնելու փորձ անենք։ Հիշում եք՝ Հայաստանում կար այսպես կոչված հաճախորդ և կառավարելի ընդդիմություն։ Դա նույնքան աղետ է Հայաստանի համար»:

Փաշինյանի խոսքով՝ լուծումն այն է, որ «ոչ իշխանական պետականակենտրոն ուժերը ակտիվանան»: Վարչապետը խոստացավ «չխանգարել» նրանց: Թե որ ուժերին է պատկերացնում նոր ընդդիմության շարքերում, անուններ չտվեց:

«Ուժեղ Հայաստանն» արձագանքում է՝ «արդար ընտրություններում ՔՊ-ն չէր հաղթի»

19 համայնքներից միայն Ստեփանավանում ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստանն» այսօր հայտարարեց, որ ընտրություններն անցնել են վախի մթնոլորտում:

«Քաղաքական հակառակորդների կալանավորումները, ընտրության օրը ընդդիմադիր ավագանու անդամների ձերբակալությունները, վախի մթնոլորտի տարածումը, ընտրատեղամասերում ուղղորդված քվեարկությունները, ընտրություններից առաջ պետական բյուջեից հսկայական միջոցների հատկացումն ընտրությունների պատրաստվող համայնքներում, ՔՊ-ականների կողմից քաղաքացուն բնակարան տալու խոստումն ու այլ քայլերը վկայում են միայն մեկ բանի մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն արդար ընտրություններով Հայաստանում չի կարող հաղթել», - հայտարարում է ընդդիմադիր ուժը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմադիրների բերման ենթարկելու մասին տեղեկություններ՝ Արթիկում, Մարտունիում և Եղեգնաձորում

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի կուսակցությունը պնդում է, թե ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ»:

«Ստեփանավանում մեր թեկնածուն գիտեր, որ իրեն կարող են ձերբակալել, սակայն, գիտակցելով այդ վտանգը, որոշեց առաջադրվել, քանի որ Հայաստանին ժողովրդավարություն է անհրաժեշտ», - նշված է հայտարարությունում:

Ու մինչ վարչապետը խոսում է գործող ընդդիմության «ոչնչացման» մասին, «Ուժեղ Հայաստանը» համարում է, որ ինքը Փաշինյանի իշխանության «ուժեղ այլընտրանքն է»:

Դաշնակցությունը ևս ճնշումների մասին է խոսում

Ճնշումների մասին է բարձրաձայնում նաև ընդդիմադիր Դաշնակցությունը: Դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը առանձնացրել է կուսակցության ստացած 15.4, 11.2, 10.6 և 9.6 տոկոս ձայները համապատասխանաբար Ծաղկաձորում, Մարտունիում, Արտաշատում, Հրազադանում և «Ֆեյսբուքում» գրել. - «Չնայած գրանցված աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը»:

Դաշնակցությունը, ըստ Սաղաթելյանի, ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը դիտարկել է ճանապարհ՝ համապետական ընտրություններում պայքարի շարունակության համար։

«Ակնհայտ է, որ ՀՀ-ում քաղաքական իրավիճակ կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում, ինչի ուղղությամբ մեր ամենօրյա պայքարը շարունակելու ենք աննահանջ», - գրել է Սաղաթելյանը: