ԱԺ-ում քննարկում են ընտանեկան բռնության դեմ պայքարի նախագիծը

Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ արշավի շրջանակում մշակված օրենսդրական փոփոխություններն այսօր քննարկվում են Ազգային ժողովում։

Նախագիծը ներկայացրել են իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց՝ ով է նախագծի իրական հեղինակը։

ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը պնդեց, որ ինքն էլ նախագծի համահեղինակն է, և այն մշակվել է կառավարության հետ սերտ համագործակցությամբ։ Նիստին մասնակցող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էլ հաստատեց, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի շրջանակում։

Բաթոյանի խոսքով՝ նախագիծն արձագանքում է վարչապետի կնոջ սկսած արշավին, սակայն հարցը քաղաքական չէ։ Նա հիշեցրեց, որ Հակոբյանը թեման քննարկելու առաջարկով դիմել էր խորհրդարանական բոլոր խմբակցություններին։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները, սակայն, մերժել էին նրա հետ հանդիպման հրավերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմադիր խմբակցությունները մերժում են, ՔՊ-ն ընդունում է Աննա Հակոբյանի հրավերը

Հուլիսից ընտանեկան բռնության դեմ արշավ սկսած Աննա Հակոբյանն առաջարկում էր Քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությունն ամրագրել որպես առանձին հանցագործություն։

Այսօր ԱԺ-ում քննարկվող նախագիծը վերաբերում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին գործող օրենքին։ Առաջարկվում է ուժեղացնել բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները, բռնություն գործադրած անձանց համար պարտադիր դարձնել վերականգնողական ծրագրերին մասնակցությունը և գործարկել միասնական անվճար թեժ գիծ։

Ըստ Քննչական կոմիտեի՝ այս տարվա առաջին վեց ամիսներին ընտանեկան բռնության դեպքերով քննվել է 1794 քրեական գործ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմադիր 2 խմբակցությունները մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկըԱննա Հակոբյանին նամակ գրած քաղաքացուն 1 օրում բացահայտել են. իրավապաշտպանները խոսում են ընտրողական մոտեցումիցՀակակոռուպցիոն կոմիտեն «Իմ քայլը» հիմնադրամի առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չի գտելԱննա Հակոբյանի՝ Մխիթար Հայրապետյանին առնչվող հայտարարությունից հետո պետք է քրգործ հարուցվի. Իոաննիսյան