«Ականատես» դիտորդական առաքելությունը ահազանգ է ստացել, որ հոկտեմբերի 23-ից Երևան–Գորիս թիվ 607 երթուղով Գորիսի բնակիչների համար իրականացվում են անվճար ուղևորափոխադրումներ՝ այսօրվա ընտրությունների ընդառաջ։
Ըստ առաքելության ստացած տեղեկությունների՝ «Սասունցի Դավիթ» կայարանի դրամարկղում Գորիսի բնակիչներին հայտնել են, որ ուղևորության համար տոմս ձեռք բերելու անհրաժեշտություն չկա։ Միաժամանակ, ըստ ահազանգի, ուղևորներին տրամադրվել են «Համերաշխություն» դաշինքի քարոզչական բուկլետներ՝ դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերով։
«Ականատես»-ը կոչ է արել Գլխավոր դատախազությանը, Հակակոռուպցիոն կոմիտեին և ՆԳՆ ոստիկանությանը անհապաղ ստուգել ներկայացված տեղեկությունները, տալ իրավական գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումները կանխելու համար։
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Գոհար Մելոյանն էլ հայտարարել է, որ Ստեփանավան համայնքի ընտրական տեղամասերից ահազանգեր են ստացել, որ տպագրված դրոշմանիշները պատշաճ որակի չեն։ «Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության», - նշել է նա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ տեղեկացնում է, որ ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության մեկնարկի ժամանակ մի քանի տեղամասային ընտրական հանձնաժողովներում ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ, մասնավորապես՝ մինչև քվեաթերթիկին փակցնելը որոշ դեպքերում վնասվել է ինքնասոսնձվող դրոշմանիշի պաշտպանիչ շերտը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օպերատիվ ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները և նման դեպքեր այլևս չեն կրկնվել», - ասված է ԿԸՀ հայտարարությունում:
- Այսօր Հայաստանի 21 համայնքում ՏԻՄ ընտրություններ են։
- 19 համայնքում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։
- Որոշ համայնքներում պայքարը թեժ է, իսկ Արմավիրում, Գառնիում և Վայքում մրցակցություն գրեթե չկա։