Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանը, թեև նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, արդեն հանդիպում է համայնքի բնակիչներին, խոստումներ տալիս։
Հրապարակված տեսանյութում նա փոքրիկ տղային հեռախոս է խոստանում, մասնակիցները ողջունում են, ուրախանում ու պահանջում, որ տղան մի երգով շնորհակալություն հայտնի ՔՊ-ի թեկնածու ընկեր Հակոբյանին: Հետո էլ տղան կոչ է անում ընտրել Հակոբյանին։
Մինչ մասիսցիների ծափողջյուններից ոգևորվում է Հովհաննես Հակոբյանը, փաստաբան Տիգրան Հայրապետյանը պնդում է՝ ՔՊ-ի թեկնածուն Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք է գործում. «Բարեգործություն է կատարում, բարեգործության արգելքը խախտելը քրեորեն պատժելի արարք է»:
Ըստ Քրեական օրենսգրքի՝ ընտրությունները պաշտոնապես նշանակվելուց հետո, մինչև քվեարկության արդյունքներն ամփոփելը, եթե թեկնածուն որևէ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողին որեւէ ծառայություն կամ ապրանք է խոստանում պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով: Փաստաբան Հայրապետյանի մեկնաբանմամբ՝ այս դեպքում թեև տղան անչափահաս է, ընտրելու իրավունք չունի, բայց նշանակություն չունի, ծնողներն են հնարավոր ընտրողները: Նախընտրական քարոզարշավն էլ դեռ չի սկսվել, բայց ըստ փաստաբանի՝ միայն այս տեսանյութը բավարար է, որ քրեական վարույթ հարուցեն ու պարզեն՝ հանցանք կա՞, թե՞ չէ:
Տիգրան Հայրապետյանն ընտրակաշառքի կասկածանքով հարուցված քրեական գործերով է զբաղվում: Ու պնդում է, եթե այս տեսանյութը լիներ որևէ ընդդիմադիր ուժի թեկնածուի մասնակցությամբ, արդեն քրեական վարույթը հարուցված կլիներ, թեկնածուն էլ՝ ձերբակալված: Առավոտվանից տեսանյութը համացանցում է, լրատվամիջոցների էջերում, բայց իրավապահ մարմիններից դեռ արձագանք չկա:
Վարչապետ Փաշինյանն է առավոտյան հայտարարել, թե իր գլխավորած կուսակցության թեկնածուի խոստման վերաբերյալ տեսանյութը ուղարկել է իրավապահներին: Ի՞նչ են արել, գործ հարուցելո՞ւ են, թե՞ ոչ:
Հակակոռուպցիոն կոմիտեն ամբողջ օրը լռեց:
Ըստ փաստաբան Հայրապետյանի՝ այս դեպքը նույնպես փաստում է, որ իրավապահների աշխատանքը խտրական է: Խորհրդարանական ընտրությունների փուլում Փաշինյանի մրցակից ուժերից բազմաթիվ մարդիկ ազատությունից զրկվեցին ընտրակաշառքի խոստման, բարեգործական արգելքը խախտելու կասկածանքով, 200-ից ավելի քրեական գործեր հարուցվեցին, բայց երբ իշխանության ներկայացուցչի մասին է խոսքը, Հայրապետյանի խոսքով՝ իրավապահները նույն օպերատիվությամբ չեն գործում:
Օրինակ, խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ ձերբակալվեց ընդդիմադիր ուժեղ «Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը: Նախընտրական քարոզարշավը դեռ չէր սկսվել Հակակոռուպցիոն կոմիտեն նրան գործ հարուցեց բարեգործության արգելքը խախտելու համար, թե դեռ մարտին ընտրություններին մասնակցող տարեց բնակիչների գումար են տվել, ծառայություն խոստացել: Նորածնի մայրը նույնիսկ ձերբակալվեց:
Մասիսում թեկնածուները դեռ պաշտոնապես չեն առաջադրվել: Համայնքապետի պաշտոնի համար պայքարելու է նաև Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Համբարձումյանը, որ նախորդ ընտրություններում հաղթեց ՔՊ-ին: Նա կալանավորված էր, ազատ է արձակվել:
Հովհաննես Հակոբյանը Մասիսի անձնագրային բաժնի պետն է: Նրա հայրն էլ՝ Սաշա Հակոբյանը, Հանրապետականի օրոք է Մասիսը ղեկավարել:
Ի՞նչ փուլում է իշխող ուժի թեկնածուի խոստումը, փորձեցինք պարզել իրենից: Նա չարձագանքեց ոչ մեր զանգերին, ոչ էլ նամակին: «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ավելի վաղ պնդել է, որ ընտրություններից հետո կնվիրի: Արդարացել է, թե նախընտրական փուլ չէ և երեխան էլ ընտրելու իրավունք չունի: