Ադրբեջանը Թուրքիայի 7 քաղաքացու ձերբակալելու օրդեր է տվել ու հետախուզում հայտարարել

Ադրբեջանը Թուրքիայի յոթ քաղաքացու ձերբակալելու օրդեր է տվել, որոնց մեղադրում է կառավարությունը բռնի կերպով տապալելու կոչերի և կրոնական ատելություն հրահրելու մեջ, հայտնում է OC Media-ն։

Բաքուն ձերբակալման օրդերը տալիս է այն ժամանակ, երբ Ադրբեջանի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակվում է ադրբեջանական դպրոցներում հիջաբի սահմանափակումների շուրջ հանրային վեճի և որոշ թուրք քաղաքական գործիչների կողմից Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների քննադատության ֆոնին։

Օրդերի մասին հայտարարվում է նաև ժամեր անց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը X-ում գրառում էր արել, որում զգուշացնում էր՝ մուսուլմանների շրջանում պառակտում սերմանելու փորձեր չանել: Էրդողանն իր գրառման մեջ բացահայտորեն չի անդրադարձել Ադրբեջանի հիջաբի դեմ քաղաքականությանը:

«Մենք շատ, շատ զգույշ կլինենք մութ և կեղտոտ խաղերի դեմ։ Մենք զգոն կմնանք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են մուսուլմաններին միմյանց դեմ տրամադրել», - գրել է Էրդողանը՝ հավելելով, որ զգոն կմնան հանրային հույսն ու մարտական ոգին խաթարելու և մարդկանց միջև սեպ խրելու փորձերի նկատմամբ։

Օրեր առաջ էլ Ադրբեջանը քրեական գործ էր հարուցել թուրք սյունակագիր Ջելալ Չիֆթչիի նկատմամբ կրկին նույն՝ իշխանությունը բռնի ուժով զավթելու և կրոնական ատելություն հրահրելու ենթադրյալ կոչերի մեղադրանքով և և միջազգային հետախուզում հայտարարել նրա նկատմամբ:

Ում է մտադիր ձերբակալել Բաքուն

Ձերբակալման օրդերներում կոնկրետ չի նշվում դպրոցներում հիջաբ կրելու նոր սահմանափակումների դեմ արտահայտվելու մասին, սակայն հայտարարությում ասվում է, որ կասկածյալներից մեկը՝ Ռիդվան Կայան, ելույթ է ունեցել հոկտեմբերի 3-ին Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ։

Ռիդվան Կայան և Զեքերիա Ջերանը նաև ելույթ են ունեցել հոկտեմբերի 13-ին Անկարայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց կազմակերպված հանրահավաքի ժամանակ: Այս երկու հանրահավաքներն էլ կազմակերպվել էին ի նշան Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի: Հետաքննիչները պնդում են, որ նրանց ելույթներում կոչեր են եղել իշխանության բռնի զավթման վերաբերյալ:

Քրեական գործը հարուցվել էր դեռ հոկտեմբերի 16-ին՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, որոնք վերաբերում են պետության դեմ հրապարակային կոչերին, ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրմանը, ինչպես նաև կրոնական ծայրահեղական նյութերի պատրաստմանը, տիրապետմանը կամ տարածմանը:

OC Media-ն նշում է, որ դատախազությունը հղում է արել չճշտված հայտարարությունների և նյութերի, որոնք, ըստ երևույթին, թուրք քաղաքացիների կողմից հրապարակվել են տարբեր սոցցանցերում և առցանց հարթակներում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում:

Կասկածյալների թվում են Ռիդվան Կայան՝ Haksöz ամսագրի և Haksöz Haber կայքի հեղինակ, Köklü Değişim-ի գրող և Değişim TV-ի հաղորդավար Զեքերիա Ջերանը, որը նաև հայտնի է որպես Աբդուլլահ Իմամօղլու, Analiz Merkezi կայքի հիմնադիր Ֆաթիհ Թեզջանը, փաստաբան Ահմեդ Շանլին, հետազոտող Ֆահրեթթին Թաշկայա Սարալը, Աբդուրահման Թումերը և մարզիկ Ալփարսլան Թանրըքուլուն։

Ի՞նչ են արել նրանք

Ահմեդ Շանլին սոցցանցերում հայտարարել էր, որ Ադրբեջանի կառավարության լեգիտիմությունը քննարկման առարկա է և ակնարկել էր, որ Ալիևը, ի վերջո, կարող է արժանանալ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրին, որի իշխանությունը տապալվեց 2024 թվականին։ Ֆաթիհ Թեզջանն էլ պնդել էր, որ հնարավոր է, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը կարողանա տապալել Ալիևին։

OC Media-ն նշում է, որ չի կարողացել ստուգել, թե արդյոք մյուս հինգը որևէ մեկնաբանություն են արել, որը կարող է կապված լինել Ադրբեջանի կառավարությունը տապալելու հետ։

Հոկտեմբերի 19-ին Բաքվի Բինագադիի շրջանային դատարանը բոլոր յոթ կասկածյալներին հեռակա կարգով կալանավորելու որոշում է կայացրել։ Հետագայում, ըստ դատախազության, նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

Բաքուն հայտարարել է, որ հավաքում է թվային ապացույցներ, փորձում է պարզել նյութերի հեղինակներին և փորձում է նաև միջազգային իրավական օգնություն ստանալ այս գործում: Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ կասկածյալները չեն մեկնաբանել ձերբակալման օրդերները։

Ինչից է սկսվել Բաքու-Անկարա լարվածությունը

Ադրբեջանի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակում է աճել կրոնական և քաղաքական հարցերի շուրջ: Հոկտեմբերի ընթացքում ադրբեջանական դպրոցներում համազգեստի մասին նոր կանոնակարգը վեճերի առիթ է դարձել Թուրքիայում: Թուրք պաշտոնյաները քննադատել են Ադրբեջանի այս որոշումը, այդ թվում՝ նախագահի խորհրդականը: Բաքուն սա միջամտություն է որակել իր ներքին գործերին:

Չնայած լարվածությանը, երկու երկրների միջև պաշտոնական շփումները շարունակվել են: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 15-ին Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: