«Հայրաքաղա՞ք», թե՞ «ցեխաքաղաք». երբ և ինչ միջոցներով են Գյումրիում նորոգելու քայքայված փողոցները

Գյումրիի փողոցներից մեկը

Գյումրիի երկրորդական ու երրորդական փողոցների մեծ մասը ցեխի ու փոսերի մեջ է: Բնակիչներին այլ բան չի մնում, քան հարմարվել, իսկ վարորդներին էլ փոսերն ուղղակի ավելի զգույշ ընկնել:

«Նորմալ է, արդեն սովորել ենք, առանց ցեխի Գյումրին պատկերացնել չի լինի», - հեգնում է Անի թաղամասի Չարենցի փողոցի բնակիչներից մեկը:

«Շաաատ զգույշ կանցնիմ, որ մեքենան չջարդեմ», - իր հերթին բողոքում է քարուքանդ փողոցով մանրևրող վարորդը:

Տասնամյակներով ասֆալտի «երես չտեսած» Չարենցի փողոցի այդ հատվածում գարնանը վարչապետ Փաշինյանի այցին ընդառաջ մի փոքրիկ «հրաշք» էր տեղի ունեցել`փոսերը հարթեցրել ու խճապատել էին: 6 ամիս անց այդ «հրաշքից» ոչինչ չի մնացել:

«Էս 3-4 տարի է էսպես քանդած է: Սպասում ենք, որ սարքենք... մի հատ գրեյդեր անցնում է, ասում ենք՝ աչքերս լույս, արդեն սկսեցին ասֆալտը, բայց ոչ մի բան չկա։ Էստեղ անտանելի դրություն է, մեքենաները ջարդվում են», - ասում է մեկ այլ բնակիչ:

Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պատասխանատուներից Սամվել Ենգոյանը վստահեցնում է՝ Անի թաղամասի փողոցաշինության ծրագիրը հաջորդ տարի կմեկնարկի, բայց ևս 3 տարի կպահանջվի, որ թաղամասի ամբողջական բարեկարգման ծրագիրն ավարտվի:

Սուբվենցիոն ծրագրերն ուշանում են

Միայն տեղական բյուջեով Գյումրի փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատել հնարավոր չէ, խոստովանում է քաղաքապետարանի պաշտոնյան. տասնամյակներ կտևի ու մինչ փողոցների մի մասը նորոգեն, արդեն նորոգածները շարքից դուրս կգան:

Սամվել Ենգոյանը զրուցում է «Ազատության» Գյումրիի թղթակցի հետ

Այս տարվանից սկսած կառավարությունը 25 կմ ճանապարհ նորոգելու գումար է հատկացնելու: Ծրագիրն ուշ է մեկնարկել ու այդ պատճառով 15 կմ միջին նորոգում կանեն, հիմնականում կենտրոնական փողոցներում: Զուգահեռ նաև կառավարություն-համայնք 40/60 համամասնությամբ սուբենցիոն ծրագրեր պետք է իրականացվեն:

Գյումրիում միանգամից 3 տարվա հաստատված, բայց չիրականացված սուբվենցիոն ծրագրեր էին կուտակվել, որոնց շրջանակում 46 փողոց պետք է մեկ տարում հիմանորգվեին, բայց դրանցից որոշները դարձյալ հետաձգվել ու տեղափոխվել են հաջորդ տարի: Այս տարվա ցանկում ընդգրկվածներից մեկը Մարգարետ Թետչերի փողոցն էր, որտեղ խորը փոսերը քերած ասֆալտով էին փորձել փակել, բայց անձրևներից հետո քերած ասֆալտի հետքն էլ չի մնացել:

Իսկ ինչո՞ւ այս տարվա սուբվենցիոն ծրագրերը ուշ մեկնարկեցին: Ենգոյանը դա մրցույթ անցկացնելու գործընթացով է պայմանավորում. - «Հուլիս- օգոստոսին է կայացել մրցույթը, օրենքը ժամկետներ է պահանջում՝ մրցույթից հետո ժամանակ է տրվում մտածելու, հետո ժամկետ կա պայմանագիր կնքելու, բանկային երաշխիքներ պետք է ներկայացնել, այսինքն՝ մրցույթը հայտարարելուց հետո մոտ երեք ամիս է տևում այդ գործընթացը»:

Պաշտոնյայի խոսքով՝ այս տարվա ուշացումներից դասեր են քաղել ու նախագծային աշխատանքներն ավելի շուտ սկսել. - «2027 թվականի ծրագրերը մեկնարկել են արդեն հունիս ամսվանից, մենք կազմել ենք 49 փողոցների ծրագիր, արդեն հնարավորություն կունենանք շուտ՝ ցուրտ սեզոնին ներկայացնել մրցույթներ, մրցույթից հետո արդեն գարնանը կկարողանանք սկսել աշխատանքները»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Աչքերով» դիտահորերն ու չհաստատված ասֆալտը․Վանաձորի տապալված ծրագրերի հետքերով

Եթե ամեն ինչ ըստ պլանավորածի գնա, ըստ պաշտոնյայի, 3-4 տարի անց Հայաստանի երկրորդ քաղաքում անբարեկարգ երկրորդական ու երրորդական փողոց չի լինի:

«Մեր ուսումնասիրությամբ մնացել էր մոտ100-120 կիլոմետր ճանապարհ բարեկարգելու, բայց չմոռանանք, որ փողոցները ունեն իրենց ժամկետը, նախկինում վերականգնվածները արդեն մաշվածության են հասել: Արդեն փողոցներ ունենք, որ իրոք հնացած են, 5-6 տարի է անցել, ճաքեր են առաջացել: Եթե մենք նման տեմպով գնանք, 4-5 տարվա մեջ բակային տարածքներն էլ կավարտենք», - ասում է պաշտոնյան: ։

Գյումրին շրջանցող մի քանի ճանապարհներ ևս կնորոգվեն, որպեսզի բեռնատար մեքենաներն այլևս քաղաքով չերթևեկեն: Ճանապարհների քայքայման հիմնական պատճառը հենց դա են համարում քաղաքապետարանում: