Ադրբեջանը քրգործ է հարուցել թուրք սյունակագրի նկատմամբ և միջազգային հետախուզում հայտարարել

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել թուրք սյունակագիր Ջելալ Չիֆթչիի նկատմամբ՝ իշխանությունը բռնի ուժով զավթելու և կրոնական ատելություն հրահրելու ենթադրյալ կոչերի կապակցությամբ և միջազգային հետախուզում հայտարարել նրա նկատմամբ, հայտնում է OC Media-ն։

Գործը հարուցվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև լարվածության ֆոնին, որն սկսվել էր այն բանից հետո, երբ թուրք պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները հրապարակավ քննադատել էին ադրբեջանական դպրոցներում համազգեստի վերաբերյալ Բաքվի նոր որոշման առնչությամբ, որը փաստացի արգելում է հիջաբ կրել դպրոցներում և բողոքի ակցիաների պատճառ էր դարձել երկրում։

Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ գործը հարուցվել է սոցցանցերում կրոնական արմատականություն, հեղաշրջում և Ադրբեջանի սահմանադրական կարգի բռնի փոփոխություն քարոզող գրառումներից հետո: Ըստ գլխավոր դատախազության՝ թուրքական «Շանլիուրֆա Օլայ» թերթի սյունակագիր Ջելալ Չիֆթչիին այս գործով մեղադրանք է առաջադրվել:

Դատախազության մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձայն՝ հետաքննությունը սկսվել է տարբեր անձանց, այդ թվում՝ Թուրքիայի 51-ամյա քաղաքացի Չիֆթչիի կողմից սոցիալական ցանցերում տարածվող նյութերի վերաբերյալ հաղորդագրություններից հետո։ Նյութը, ենթադրաբար, կոչ է անում բռնի ուժով զավթել իշխանությունն Ադրբեջանում և բռնության միջոցով հրահրում էր կրոնական ատելություն և թշնամանք։

Ի՞նչ է արել սյունակագիրը

Թեև հայտարարությունում չի նշվում, թե կոնկրետ ինչ է ասել ինքը՝ Չիֆթչին, սակայն, ըստ լրատվամիջոցի, ակնհայտորեն, խոսքը վերաբերում է նրա տարածած տեսանյութին։ Արհեստական բանականությամբ գեներացված այդ տեսանյութում զինվորները գետնին են գցում նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը։

Չիֆթչին նախկինում քննադատել է Ալիևին դպրոցներում հիջաբ կրելու արգելքի համար։

Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ իր հետաքննության արդյունքում բացահայտվել են կրոնական արմատականությունը խթանող բովանդակության տարածման բազմակի դեպքեր Ադրբեջանի նախարարների կաբինետի 2026-ի սեպտեմբերի 21-ի որոշումից հետո, այդ թվում՝ արհեստական բանականությամբ ստեղծված նյութեր:

Դատախազությունը նաև նշում է տարբեր վերնագրերով հրապարակված բազմակի կոչերի մասին, որոնք ենթադրաբար խրախուսում են հեղաշրջումը, իշխանության բռնի զավթումը, սահմանադրական կարգի փոփոխությունները և կրոնական ատելության ու թշնամանքի հրահրումը բռնության միջոցով:

Հենց այս նյութերի հիման վրա դատախազությունը քրեական գործ է հարցուցել հոկտեմբերի 16-ին։ Քննությունը հանձնարարվել է գլխավոր դատախազության քննչական վարչությանը։

Օգնություն Թուրքիայից

Դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Միջազգային իրավական օգնության նպատակով դիմումներ են ուղարկվել Թուրքիայի իրավասու մարմիններին՝ Չիֆթչիի և այլ անձանց վերաբերյալ քննչական գործողություններին աջակցելու համար: Ըստ հայտարարության՝ նաև լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում միջազգային համագործակցության մեխանիզմների միջոցով:

Գլխավոր դատախազությունը նաև նշում է, որ շարունակվում են քննչական միջոցառումները՝ նյութի բովանդակությունը, դրա պատրաստման և տարածման հանգամանքները, ինչպես նաև այլ համապատասխան փաստեր պարզելու համար՝ նախքան իրավական հետևանքները որոշելը և օրենքին համապատասխան որոշումներ կայացնելը։

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը նաև կոչ է արել հանրությանը զերծ մնալ կրոնական ատելություն և թշնամանք քարոզող բովանդակություն տարածելուց, պատասխանատու կերպով օգտագործել սոցիալական ցանցերը և պահպանել օրենքը՝ նշելով կրոնական հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և սոցիալական համերաշխության պաշտպանության անհրաժեշտությունը։

Չիֆթչին ներողություն է խնդրել

Ուրբաթ երեկոյան Չիֆթչին հրապարակավ ներողություն է խնդրել՝ ասելով, որ «մտադրություն չի ունեցել կրոնական ատելություն, թշնամանք կամ խտրականություն սերմանելու» և չի ցանկացել, որ իր գրառումը մեկնաբանվի որպես հեղաշրջման կոչ։

«Ես չեմ ընդունում այս առնչությամբ ինձ առաջադրված մեղադրանքները։ Ադրբեջանը եղբայրական պետություն է. ադրբեջանական ժողովուրդը մեր եղբայրներն են: Ես լիակատար հարգանք ունեմ Ադրբեջանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանադրական կարգի նկատմամբ»,- նշել է նա:

Այնուամենայնիվ, Չիֆթչին վերահաստատել է իր համոզմունքը, որ «մարդիկ չպետք է մեկուսացվեն իրենց համոզմունքների կամ հագուստի ընտրության պատճառով», նկատի ունենալով դպրոցներում հիջաբ կրելու արգելքը։