Թեհրանը մտահոգություն չունի TRIPP-ի վերաբերյալ, այսօր Երևանում հայտարարել է Իրանի արտգործնախարարը:
ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովին՝ COP 17-ին մասնակցող Աբբաս Արաղչին «Ազատությանն» ասաց՝ «վստահում են իրենց հայ եղբայրներին»:
Այլ լրագրողների հետ ճեպազրույցում Արաղչին նշել է, որ Թեհրանը մտահոգություն ունի տարածաշրջանում և Իրանի շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայության վերաբերյալ, բայց կոնկրետ TRIPP-ի հարցում գիտեն, որ իրենց հայ գործընկերները «ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ»:
Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ Հայաստանի հարավով անցնող ու Նախիջևանը Ադրբեջանին կապող TRIPP նախագիծը շահավետ է նաև տարածաշրջանի գերտերությունների՝ Ռուսաստանի և Իրանի համար: Բայց ԱՄՆ-ի հետ պատերազմող Իրանը այս ընթացքում մի շարք վերապահումներ է ներկայացրել հայ - ամերիկյան այս նախագծի առնչությամբ: Իրանի դեսպանը, մասնավորապես, ասել էր, թե Թեհրանը դեմ չի լինի հայ - ամերիկյան նախագծին, եթե իր հարևան տարածքներում Միացյալ Նահանգների ռազմական կամ անվտանգային ներկայությունը բացառվի, և եթե այն չվնասի Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, քանի որ Թեհրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխություն։
Այսօր ավելի վաղ նաև Հայաստանի արտգործնախարարն էր ասել, թե Իրանի իշխանությունները հստակ պատասխաններ են ստացել հայկական կողմից՝ իրենց սահմանին ամերիկյան ներկայության վերաբերյալ:
«Այն մեկնաբանությունները, թող թույլ տրվի ասել՝ սոուսը, որով ներկայացվում են Իրանի մտահոգությունները TRIPP-ի շուրջ, հայաստանյան որոշ մեդիառեսուրսներում, եթե չասեմ էականորեն հեռու են իրականությունից, կարող եմ ասել՝ էականորեն ուռճացված են։ Իրանական կողմում անշուշտ կան հարցեր, այդ հարցերին պատասխանները տրվել են, իրանական կողմն, իմ տպավորությամբ, այս ընթացքով բավարարված է։ Օրինակ, իրանական կողմը ասում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն TRIPP-ի երկայնքով: Մարդիկ հարցնում են, մենք էլ ասում ենք՝ չի՛ լինելու։ Թղթերը այդ մասին են վկայում, իրականությունը այդ մասին է վկայում: Այսինքն նորմալ է, որ իրենք այդ հարցը ունեն, մենք էլ այդ հարցի ճիշտ պատասխանը տալիս ենք։ Իրենք էլ ասում են՝ դե եթե չի լինելու, իրենք էլ այդ երկաթուղային ցանցը կարողալու են օգտագործել, շատ լավ», - ասել էր արտգործնախարարը: