«Հենց հիմա զանգում է». Հաջիևը զանգահարել է Սիմոնյանին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյան

Երևանում COP17-ին ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելիս Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը խոսել է Բաքվի հետ շփումներից՝ անդրադառնալով նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։ Զրույցի ընթացքում, ի դեպ, Անվտանգության խորհրդի քարտուղարը նայեց հեռախոսին ու ասաց, որ հենց այդ պահին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևից զանգ է ստանում:

Սիմոնյանի խոսքով՝ Ալիևի հռետորաբանության հարցը բարձրացրել է նաև անձամբ նրա հետ զրույցում։

«Ես առիթ ունեցա Ադրբեջանի նախագահին ասելու, որ երբ խոսում ենք խաղաղության մասին, դրանում կարևոր դեր է խաղում նաև ինքը։ Եվ նրա հռետորաբանությունը լսում են նաև Հայաստանում», - պատմել է ԱԽ քարտուղարը։

Երեկ, մինչդեռ, Ալիևը կրկին Հայաստանին էր մեղադրել 2020 թվականի պատերազմը սկսելու համար։

«Պատերազմը մեր ընտրությունը չէր. Հայաստանը մեզ ստիպեց պատերազմի», - հայտարարել էր Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, թե Բաքուն մարտադաշտում վրեժ է լուծել, ապա խաղաղություն առաջարկել Հայաստանին։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների դեռ չլուծված հարցերին՝ Սիմոնյանը խոսել է նաև անկլավ-էքսկլավների հնարավոր փոխանակման մասին։

«Անկլավ-էքսկլավների խոսակցությունը կա, որպեսզի մենք, գիտակցելով, որ դա ինչ-որ ձևով կարող է շատ ավելի խնդրահարույց լինել, և գոյություն ունեցող ստատուս քվոն հաշվի առնելով՝ փոխանակենք, ինչ-որ տեղ սահմանին միգուցե առաջ բրդենք, բայց 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքը ֆիքսելով», - ասել է ԱԽ քարտուղարը։

Խոսելով Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի մասին՝ Սիմոնյանը շեշտել է, որ հայկական կողմը չի կարող չզբաղվել այդ հարցով։ Միաժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմը նրանց մեղադրել է քրեական հանցագործությունների մեջ և այժմ սեփական հասարակության առաջ բացատրելու խնդիր ունի։

Նրա խոսքով՝ հենց ադրբեջանական իշխանությունների բացասական հռետորաբանության հետևանքով է հասարակության մեջ նման վերաբերմունք ձևավորվել, ինչն էլ Բաքվի համար դժվարացնում է գերիների վերադարձի գործընթացը։