Ադրբեջանում դպրոցական համազգեստի սահմանափակումների շուրջ լարվածությունը չի մարում: Հիմա էլ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց է երեկոյան ցույց անցկացվել՝ ընդդեմ նոր կարգավորումների, որոնք արգելում են դպրոց հաճախել հիջաբով:
Ցուցարարները հայտարարել են, որ գլխաշոր կրելը մուսուլման աշխարհում կրոնական պահանջ է և հիջաբ կրող աղջիկների կրթական իրավունքները չպետք է սահմանափակվեն:
«Թող կոտրվեն հիջաբի վրա բարձրացվող ձեռքերը», «Աստված մեծ է», «Մուսուլմանը չի կարող լռել ճնշման դեմ...», վանկարկել են ցուցարարները: Նաև քննադատել են Բաքվի իշխանություններին՝ պահանջելով, որ չեղյալ հայտարարվի որոշումը, որի պատճառով Ադրբեջանում անցած օրերի ցույցերի ժամանակ առնվազն 37 մարդ է ձերբակալվել:
Երբ սկսվեցին ցույցերը
Ադրբեջանում դժգոհության ալիքը սկսվել էր սեպտեմբերին՝ դպրոցական հագուստի վերաբերյալ կառավարության որոշումից հետո: Չնայած այն ուղիղ չի հիշատակում հիջաբի մասին՝ նոր պահանջների կիրառումից հետո վերջին օրերին մի շարք դպրոցներում գլխաշորով աշակերտուհիներին և ուսուցչուհիներին թույլ չեն տվել մասնակցել դասերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հիջաբի շուրջ վեճը «կարող է խաթարել ադրբեջանա-թուրքական հարաբերությունները»Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում են դպրոցների մոտ «Ազատություն հիջաբին» կարգախոսով ցույցեր անող աշակերտներ և ծնողներ։ Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ առնվազն երկու դպրոցների աշակերտներ բոյկոտել են դասերը։
Կրոնը չպետք է «խոչընդոտ» լինի
Բաքվի դպրոցներից մեկի անգլերենի ուսուցչուհի Գյուլշան Ալիևան մեկն է նրանցից, ում արգելել են գլխաշորով մտնել դպրոց: Դասավանդման 23 տարվա փորձ ունեցող Ալիևան Al Jazeerа-ին ասել է, որ խնդրին բախվել է նաև դուստրը:
«Ես ուզում եմ կատարել պարտականություններս՝ կրթել աշակերտներին և շարունակել կարիերաս, իսկ կրոնական համոզմունքներս չպետք է խոչընդոտեն աշխատանքիս ... մեր սահմանադրական իրավունքները պետք է պաշտպանվեն»,- ասել է Ալիևան։
Ցույցերը կազմակերպո՞ւմ են
Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ դպրոցական համազգեստի նոր կանոնների դեմ ցույցերը կոնկրետ կազմակերպիչներ ունեն, որոնք «կրոնն օգտագործում են մարդկանց պետության դեմ տրամադրելու համար»: Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարը, սակայն, չի նշել, թե ում նկատի ունի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանում հիջաբի սահմանափակումների պատճառով ցույցերը սրվել են․ 37 մարդ է ձերբակալվել«Ո՞վ է նրանց դրդում նման բաներ ասել։ Մենք գիտենք։ Ադրբեջանցի ժողովուրդը ևս գիտի։ Կան մարդիկ, որոնք օգտագործում են իրենց կրոնն ու հոգևորականությունը՝ պետության դեմ դուրս գալու համար։ Ես վստահում եմ իմ պետությանը։ Եթե խնդիր կա […] Ես նույնիսկ դա խնդիր չեմ համարում, ապա այն կլուծվի»,- ասել է նա:
Բաքվի արձագանքը
Չնայած Փաշազադեն անուններ չի տվել, բայց հիջաբի սահմանափակման պատճառով ակնահայտ լարվածություն է առաջացել թուրք-ադրբեջանական հարաբերություններում:
Երեկ Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը շատ ուղիղ էր քննադատել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին և նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին, որոնք անընդունելի էին համարել գլխաշոր կրողների կրթության իրավունքի խոչընդոտումը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը «հնարավորինս շուտ ետ կկանգնի այս սխալից»:
Սեպտեմբերին նաև նախագահ Էրդողանն էր քննադատել մահմեդական կանանց և աղջիկների գլխաշորի նկատմամբ սահմանափակումները՝ դրանք ներկայացնելով որպես կրոնական ազատության և կանանց իրավունքների խնդիր:
Ադրբեջանի իշխող կուսակցությունն «անպատասխանատու» է որակել թուրք պաշտոնյաների վերջին հայտարարուններն ու նշել, որ դրանք կարող են խաթարել երկրների հարաբերությունները: «Յենի Ազերբայջանը» սա նաև պետության ներքին գործերին միջամտություն էր համարել:
Ինչ են ասում թվերը
«Ազատության» ադրբեջանական ծառայության կայքում անցկացվող հարցման մասնակիցների 62%-ը դեմ է արտահայտվել հիջաբի արգելքին, կողմ է միայն 23%-ը: Թեև սա գիտական սոցհարցում չէ և արտացոլում միայն կայքից օգտվողների կարծիքը՝ մասնակիցների 15%-ն ասել է, որ միայն բարձր դասարանցիներին պետք է թույլ տրվի հիջաբ կրել: