Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի շատ է ցանկանում Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքել, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Լրագրողների հարցին, թե ինչու է կարծում, որ Պուտինը պատրաստ է փոխզիջումների, եթե Ռուսաստանը շարունակում է հարվածել Ուկրաինային, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ նրանք համաձայնության կգան։ Ես իսկապես կարծում եմ, որ Պուտինն ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին»։
Անդրադառնալով իր հայտարարած «էներգետիկ հրադադարի» խախտմանը՝ ԱՄՆ նախագահը պնդել է, թե խախտումներ եղել են երկու կողմից էլ։ Նրա կարծիքով՝ Պուտինը ցանկանում է համաձայնության հասնել, իսկ Զելենսկիին դեռ պետք է համոզել։
Մինչդեռ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիևն աջակցել է էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու առաջարկին, սակայն Ռուսաստանը չի կատարել այդ պայմանը։ Զելենսկին հիշեցրել է, որ Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո ռուսական ուժերը հարվածել են Խարկովի ջերմաէլեկտրակայանին։
Զելենսկին Վաշինգտոնին կոչ է արել ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ ընդգծելով, որ հրադադարի հաստատումը մեծապես կախված է ԱՄՆ-ի դիրքորոշումից։