Ուկրաինայի վրա ռուսական հարվածների հետևանքով 7 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել

Ռուսական ուժերի՝ Ուկրաինայի մի շարք քաղաքների հասցված հարվածների հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։

Խարկովում ռուսական ավիառումբերի հարվածից վնասվել են ավելի քան 30 շենք և 11 ավտոմեքենա։

Ռուսական ուժերը հարվածել են նաև Խարկովի թիվ 5 ջերմաէլեկտրակայանին։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այսպես կոչված «էներգետիկ զինադադարի» մասին հայտարարությունից ընդամենը ժամեր անց։ Թրամփը պնդել էր, թե Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածները։

Իվանո-Ֆրանկովսկում ռուսական անօդաչուների հարվածներից երեք զինծառայող է զոհվել, ևս երեք մարդ՝ վիրավորվել։ Քաղաքապետի փոխանցմամբ՝ վնասվել են բազմաբնակարան շենքեր և առևտրային տարածքներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տվյալներով՝ վերջին մեկ շաբաթում ռուսական ուժերն ավելի քան 200 հարված են հասցրել երկրի էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման օբյեկտներին, ևս 17 հարված՝ գազային և նավթային ենթակառուցվածքներին։