«Չեք ջնջի մարդկանց հիշողությունը». զոհված զինվորների դիմանկարները մաքրում են պատերից

Քաղաքային իշխանության լվացող մեքենան շարունակում է զոհված զինվորների նկարները մաքրել պատերից: Գևորգ Ասատրյանի ու Հովհաննես Խոդերյանի դիմանկարները հունիսին Տնտեսագիտական համալսարանի գետնանցումի պատին էին, այսօր նկատեցինք՝ չկան:

44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի դիմանկարն էլ այստեղից մաքրեցին ամռանը: Մայրը վստահ էր՝ քաղաքային իշխանությունը միտումնավոր է ջնջում զոհված զինվորների դիմանկարները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչու է քաղաքապետարանը պատից մաքրել զոհված զինվորների դիմանկարները

2016 թվականի քառօրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի դիմանկարն էլ մաքրեցին ամռանը, քաղաքապետարանից «Ազատությանն» ասել էին՝ բարեկարգման շրջանակում է: Չորս ամիս անց նույն պատկերն է այստեղ, ոչինչ չի բարեկարգվել այն հատվածներում, որտեղ զոհվածների դիմանկարներն էին:

Գետնանցումի աստիճանները քանդված են, պատերի սալիկները պոկված, կիսաքանդ: Հարակից պատերն էլ վարդագույնով դրանից առաջ էին ներկել: Ի՞նչ եղավ բարեկարգման խոստումը:

«Միտում չկա որևէ զինվորի նկար ջնջելու: Ինչ վերաբերում է տվյալ հատվածին, մաքրման, լուսավորման աշխատանքներն արվել են, դեռ աստիճանների ու քարային հատվածների հետ կապված շարունակվում է ու շարունակվելու է», - ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը վստահեցնում է, թե դեռ բարեկարգելու են: Պատերազմի զոհերի դիմանկարները միտումնավոր չեն մաքրել: Ըստ Պետրոս Պետոյանի՝ լվանում են՝ առանց հատուկ հրահանգի:

«Տարբեր տարիների ընթացքում այլանդակված ու ինչ ասես գրված ու սանհանգույց օգտագործված անցումներ, որոնք հիմա մաքրվում, լուսավորվում են, ոչ մի նկար միտումնավոր չի ջնջվում, բարեկարգման շրջանակում են լվացվում ու մաքրվում պատերը, հատուկ հրահանգով չի մաքրվում», - ասաց նա:

Չնայած Կենտրոնի թաղապետը պնդում է, թե միտումնավոր չեն ջնջում, օրեր առաջ էլ «Հաղթանակ» զբոսայգու պատից մաքրեցին 44-օյա պատերազմի խորհրդանիշ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը:

«Սրբապիղծնե՛ր, արդեն ամեն ինչ պարզ է՝ շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին, որքան էլ ջնջեք լուսանկարները, չեք ջնջի մարդկանց հիշողությունը», - «Ֆեյսբուք»-ում գրել էր Ալբերտի հայրը: Սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացավ, դրանից հետո քաղաքապետարանում հանդիպեցին Արտակ Հովհաննիսյանի հետ, նա համոզվել է, որ տարածքը բարեկարգում են ու պայմանավորվել են որդու հիշատակը հավերժացնող այլ բան անել, դեռ հայտնի չէ՝ ինչ:

Պատերազմում ընկածների նկարները հանրային վայրերից աննկատ չեն անհետանում: Ամեն անգամ սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է բարձրանում, ու այդ քայլը իշխանության ընդդիմախոսները ուղիղ կապում են վարչապետ Փաշինյանի քաղաքականության հետ, որ Արցախյան շարժման հարցը փակել է ու այդ մասին խոսելը համարում է պատերազմի վտանգ: Փաշինյանը նույնիսկ անհաշտ է Արցախի ու արցախցիների թեմայով հոգևորականների աղոթքների հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եթե ժողովուրդը որոշի, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ». Փաշինյան

Լրահոսում նաև պարբերաբար են լուրեր հայտնվում, որ այս կամ այն կրթական հաստատությունից հեռացրել են հուշատախտակները, հիշատակի անկյունները վերացրել՝ վերանորոգման պատճառաբանությամբ: Վերջին լուրը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասին է, որ պատից իջեցրել են պատերազմում զոհված շրջանավարտների հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Կոնսերվատորիայի գիտական քարտուղար Օլյա Նուրիջանյանը վիրավորված է այդ աղմուկից, ասում է՝ նորոգման պատճառով են պատից իջեցրել հուշատախտակը: Որ հավերժացնում են ու չեն մոռանում նրանց, ետնաբակի ծառուղին է ցույց տալիս: Կոնսերվատորիայի յոթ շրջանավարտ է զոհվել 44-օրյա պատերազմում:

Օլյա Նուրիջանյանն ասում է՝ նրանց նվիրված համերգներ են կազմակերպում: Մտադիր են բակում հիշատակի խորհրդանիշ կառուցել: Հիշելու ձևը գուցե փոխվի, բայց ջնջել ու մոռանալ նրանց անհնար է: