Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը կգնահատվեն Նոբելյան խաղաղության մրցանակով։
X-ում արած գրառման մեջ Ալիևը նշել է, որ նախագահ Թրամփը «պատմական դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության առաջխաղացման գործում Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովում, որը նա կազմակերպել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին»։
«Խաղաղության գործընթացում նրա ունեցած ակնառու ներդրման համար, Ադրբեջանն ու Հայաստանը, իմ նախաձեռնությամբ, համատեղ առաջադրել են նախագահ Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի։
Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նախագահ Թրամփի պատմական ջանքերը՝ մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, պատշաճ կերպով կճանաչվեն այս տարի Նոբելյան խաղաղության մրցանակի շնորհման ժամանակ», - գրել է Ադրբեջանի նախագահը:
ԱՄՆ նախագահ Թրամփը, Հայաստանի վարչապետ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը Սպիտակ տան՝ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, 8-ը օգոստոսի, 2025թ.
Այս տարվա Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի մասին Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը կհայտարարի այսօր՝ Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահն ԱՄՆ նախագահին Նոբելյան խաղաղության մրցանակին առաջադրմանն առաջին անգամ հրապարակավ աջակցեցին անցած տարվա օգոստոսի 8-ին, երբ Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ժամանակ ԱՄՆ-ի միջնորդությամբ նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը: Այդ ժամանակ Ալիևը խոսեց համատեղ առաջադրման մասին, Փաշինյանն էլ անմիջապես հավանություն տվեց այդ գաղափարին։
Թրամփին Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին հիշատակվեց նաև մեկ տարի անց՝ 2026 թվականի օգոստոսի 10-ին՝ ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ, որը նվիրված էր Սպիտակ տան խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձին։