«Հակասահմանադրական է». Մայր Աթոռում քննարկել են ՔՊ-ի ստեղծած քննիչ հանձնաժողովի հարցը

Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռում մի խումբ իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցու մասին կառավարության պատրաստած զեկույցը և դրա հետքերով խորհրդարանում իշխանական պատգամավորների ջանքերով քննիչ հանձնաժողովի ստեղծումը:

Խորհրդակցության մասնակիցները, Մայր Աթոռի փոխանցմամբ, դատապարտել են քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն որակելով որպես եկեղեցու ներքին կյանքին և ինքնակառավարմանը միջամտելու փորձ։ Նրանց գնահատմամբ՝ եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը չեն կարող դառնալ խորհրդարանական վերահսկողության առարկա։

Սեպտեմբերի վերջին կառավարությունը հրապարակեց «եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Այն կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով անցած տարվանից փորձում է գահից հեռացնել Առաքելական եկեղեցու հովվապետին՝ Գարեգին երկրորդին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ՝ սկսած կուսակրոնության ուխտը խախտելուց մինչև Առաքելական եկեղեցին օտար ազդեցության գործիք դարձնելը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զեկույց «հակասահմանադրական, հակականոնական և անօրինական» է որակել։ Այն խիստ քննադատել են նաև հայաստանյան մի շարք իրավապաշտպանները՝ պնդելով, որ բաց աղբյուրների վրա հիմնված տեքստը դեղին մամուլի հրապարակում է հիշեցնում: Կառավարությունում, սակայն, այդ կարծիքին չեն: Վարչապետ Փաշինյանն ու թիմակիցները պնդում են, թե այս ամենը անում են եկեղեցու բարենորոգման համար:

Էջմիածնում այսօրվա քննարկման մասնակիցները առաջարկներ են ներկայացրել եկեղեցու և հոգևորականների իրավունքները պետության ներսում և միջազգային իրավական մեխանիզներով պաշտպանելու վերաբերյալ:

Գարեգին Երկրորդը, ով մինչ այժմ հեռանալու ոչ մի ակնարկ չի արել, այսօր էլ հայտարարել է. - «Հայ եկեղեցին գործել և գործում է օրենքի շրջանակներում, իսկ Մայր Աթոռի պահանջն է իրավունքի և օրենքի գերակայության ապահովումն ու Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը»։

Կաթողիկոսի հեռացման և տեղապահի ընտրության հարցը ներառված է նաև Փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագրում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըՔՊ-ն 62 կողմ ձայնով հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմըԱԺ ընդդիմությունը չի մասնակցի եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման քննարկմանըԿաթողիկոսին հեռացնելու իշխանական պլանը հասնում է ԱԺ