Ձերբակալվել է «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը, ով պարբերաբար կոշտ քննադատական գրառումներ է անում իշխանության հասցեին:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանության համար, որը պատժվում է տուգանքից մինչև 2-5 տարի ազատազրկմամբ:
Իրավապահները չեն մանրամասնում, թե կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում Դանիելյանին: Մոտ 12 ժամ առաջ նա «Ֆեյսբուք»-ում «վիժվածք» էր անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեջբերով Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողի և հայ գերիների փոխանակման մասին նրա մեկնաբանությունը: Վարչապետը, մասնավորապես, ասել էր. - «Ենթադրենք, ասում ենք՝ գերիներից մեզ տվեք, որ էս զինվորին տանք, բա որ մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու»:
Ավելի վաղ էլ Դանիելյանը պնդել էր, թե Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը միայնակ չի եղել և «դիվերսիոն խմբի երկու անդամները բարեհաջող լքել են Հայաստանի տարածքը»:
Վարչապետը երեկվա հարցազրույցում «անհեթեթություն և լեգենդ» էր որակել Ադրբեջանից դիվերսիոն ներթափանցման մասին քննարկումները: Ըստ պաշտոնական Բաքվի՝ զինծառայող Նասիմի Մուսաևը ինքնակամ լքել է զորամասը: Հայաստանում նրան մեղադրում են սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով, Ադրբեջանում՝ դասալքության:
Արթուր Դանիելյանը նախկինում էլի է ձերբակալվել, մասնավորապես, 2020 թվականին, Ազգային ժողովի այն ժամանակվա փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծեծկռտուքից հետո:
Ալեն Սիմոնյանը այն ժամանակ «Ազատությանը» պատմել էր, որ Դանիելյանը սեռական հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք էր սկսվել: Ըստ «Դատալեքսի» նյութերի՝ 2022 թվականին Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: