Մատչելիության հղումներ

Ծեծկռտուք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև


Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» պատմել է, որ «Ադեկվադի» հիմնադիրներից Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:

«Դանիելյան Արթուրն էր իրա հետի երկու ադեկվատների հետ, ամենայն հավանականությամբ՝ էն մեկին ճանաչում եմ դեմքով: Զբոսնելուց սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, որին ի պատասխան ծեծկռտուք սկսվեց, որի հետևանքով ամենայն հավանականությամբ իր քիթն է վնասվել, իմ՝ քիմքի մասը», - ասաց Սիմոնյանը:

«Ազատության» հարցին՝ այսինքն Արթուր Դանիելյանը և էլի մի քանի հոգի հարձակվե՞լ են իր վրա, Սիմոնյանը պատասխանեց. «Այո, երեքով էին, ճիշտ է՝ երկուսը փորձում էին կանգնեցնել, բայց այնուամենայնիվ»:

ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ դիմել է ոստիկանություն:

Իր հերթին Դանիելյանի կուսակից ընկեր, «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել է, թե Ալեն Սիմոնյանն է հարձակվել Դանիելյանի վրա։

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ բերման են ենթարկվել երեք հոգի, ներառյալ Արթուր Դանիելյանը՝ հավելելով, որ նյութեր են նախապատրաստվում։

Լրատվական ծառայությունից հրաժարվեցին նշել բերման ենթարկված մյուս երկու անձի անուն-ազգանունները։

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատությանն» ավելի վաղ փոխանցել էին՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանից այսօր ահազանգ են ստացել, որ հարձակման է ենթարկվել, և ներկայում ոստիկանությունը համապատասխան գործողություն է իրականացնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG