Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև նրանց հնարավոր հուղարկավորման վայրերի վերաբերյալ ունեցած տեղեկությունները։
«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական գերեզմանների վերաբերյալ ամբողջ տեղեկությունը, պայմաններ ստեղծի համապատասխան արխիվները բացելու և վկաների ցուցմունքները հավաքելու համար», - ասված է Բաքվում անհետ կորածների հարցով միջազգային համաժողովի մասնակիցներին Ալիևի ուղերձում։
Ադրբեջանի նախագահը պնդել է, որ նման տեղեկությունների տրամադրումը ոչ միայն «իրավական պարտավորություն և մարդասիրական պատասխանատվություն» է, այլև կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը։
«Մարդկանց ճակատագրին վերաբերող տեղեկությունները չպետք է քաղաքական պայմանավորվածության առարկա դառնան», - հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն անհետ կորածների հարցը կապել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հետ՝ հիշեցնելով անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի և խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին։
«Կայուն խաղաղության հաստատումը, քաղաքական պայմանավորվածություններից բացի, պահանջում է վստահության ամրապնդում և հակամարտության մարդասիրական հետևանքների վերացում։ Անհետ կորածների ճակատագրի պարզաբանումն այս գործընթացի անբաժանելի մասն է», - հայտարարել է Ալիևը։
Երևանի պաշտոնական վերջին տվյալներով՝ 2020-ի պատերազմից վեց տարի անց անհայտ է մնում 191 անձի՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը, ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորել է մոտ 900 մարդ: Բաքվի պաշտոնական տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում մոտ 4000 ադրբեջանցի։