ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկայում հեռախոսազրույց կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի 28-ամյա լաբորանտի մահվան և ժանտախտի հնարավոր դեպքերի գրանցման մասին հաղորդագրությունների ֆոնին։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա Պուտինի հետ քննարկել է Իրկուտսկում տեղի ունեցած իրադարձությունները, Թրամփն ասել է, որ երկու երկրների ղեկավարները «մոտ ապագայում զրույց են նախատեսում»:
Մինչ այդ էլ Թրամփը լրագրողներին ասել էր, որ պատրաստ է օգնել Ռուսաստանին՝ ժանտախտի դեմ պայքարում՝ նշելով, որ թոքային ժանտախտը «ծանր հիվանդություն» է։ «Չէի ցանկանա, որ նրանք այդ հիվանդությունն ունենային: Մենք միշտ պատրաստ ենք օգնել յուրաքանչյուրին, ով նման խնդիր ունի»,- ասել էր նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ժանտախտի կասկած Ռուսաստանում. որոշ հիվանդանոցներում կարանտին է սահմանվելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել Ռուսաստանին ավելի շատ տեղեկություններ հրապարակել Սիբիրում ժանտախտի հետազոտական կենտրոնի լաբորատորիայի աշխատակցի մահվան վերաբերյալ։
ԱՀԿ-ն օգնություն է առաջարկել Ռուսաստանին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ կապի մեջ է Ռուսաստանի առողջապահական մարմինների հետ և առաջարկել է տեխնիկական աջակցություն, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Նա սոցցանցում գրել է, որ ԱՀԿ հարցմանը ի պատասխան՝ Ռուսաստանի առողջապահական մարմինները հայտնել են, որ վերջերս Իրկուտսկի մարզում ժանտախտի դեպքեր չեն գրանցվել։
«Նրանք ԱՀԿ-ին տեղեկացրել են, որ անցկացվել է համաճարակաբանական հետաքննություն, ձեռնարկվել են կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ, և հայտնաբերված կոնտակտավորները ենթարկվել են բժշկական հսկողության և թեստավորվել են։ Նրանք հայտնել են, որ կոնտակտավորների շրջանում բարձր ռիսկի հարուցիչներ չեն հայտնաբերվել, և որ բոլոր հայտնաբերված կոնտակտավորների բժշկական հսկողությունն ավարտվել է», - շարունակել է ԱՀԿ ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՀԿ. Ժանտախտի ռիսկը Իրկուտսկում միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, Եվրոպայում՝ շատ ցածր
Նույն գրառման մեջ Գեբրեյեսուսը նշել է, որ կազմակերպությունը «խնդրել է լրացուցիչ տեղեկություններ՝ պարզաբանելու ծանր թոքաբորբի պատճառը, հանրային առողջապահական գործողությունների պատճառը հանդիսացող հարուցիչը, և ստուգելու լրատվամիջոցներում տարածված լուրերը, որ երկրորդ աշխատակիցը տառապում է անհայտ պատճառի թոքաբորբով»։
«Ազատության» «Сибирь.Реалии» նախագիծ ավելի վաղ հայտնել էր, որ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո այդ հաստատության ավելի քան 60 աշխատակցի մեկուսացրել են շենքում։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, մահացած Դարյա Շիպիլովան լաբորատորիայում կոտրել է ժանտախտի հարուցիչը պարունակող փորձանոթը։ «Ռոսպոտրեբնադզորը» հերքում է այդ հաղորդագրությունները՝ պնդելով, որ Շիպիլովան մահացել է «չպարզված թոքաբորբից», նրա մոտ չեն հայտնաբերվել իր մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ, իսկ ինստիտուտում ախտածինների հետ աշխատանքի ընթացքում վթարներ չեն եղել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանն առկախել է մասնակցությունը Իրկուտսկում ժանտախտին վերաբերող գիտաժողովինԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախնական գնահատականով՝ Իրկուտսկում ենթադրյալ ժանտախտի ռիսկը միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում՝ շատ ցածր, հայտարարել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը: Նա նշել է, որ սիբիրյան քաղաքում լաբորատորիայի աշխատակցուհու մահը մտահոգություններ է հարուցել հնարավոր ժանտախտի վերաբերյալ, և ԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին:
Հայաստանն առկախել է իր մասնակցությունը՝ Իրկուտսկի գիտահետազոտական ինստիտուտում ժանտախտին վերաբերող գիտաժողովին, «Ազատությանը» հայտնել են Առողջապահության նախարարությունից: