Հանրային հեռարձակողի խորհուրդը նկատողություն է հայտարարել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին և փոխտնօրեն, ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանին՝ 44-օրյա պատերազմի օրը Թաթա Սիմոնյանի տոնական համերգը հեռարձակելու համար:
Հանրայինի աշխատանքը վերահսկող խորհուրդը, մեկ շաբաթ քննելով տեղի ունեցածը, որոշել է, որ Առաջին ալիքը սեպտեմբերի 27-ին խախտել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջը, մասնավորապես, «օրվա խորհրդին անհամապատասխան տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ծրագրային քաղաքականության իրականացումը»:
Իր վերջին ճեպազրույցում պատերազմի տարելիցին Հանրայինով տոնական համերգ ցուցադրելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդամենը «անպատեհ քայլ» էր որակել՝ ըստ էության բացառելով որևէ պաշտոնանկություն պետական բյուջեից ֆինանսավորվող հեռուստաընկերությունում։
Համերգի հաջորդ օրը՝ հանրային զայրույթի ու քննադատության տարափից հետո, Հանրայինը գրավոր պարզաբանմամբ ընդունել էր «սխալը»՝ չմանրամասնելով՝ ո՞վ էր այդ սխալի պատասխանատուն, և արդյոք կլինե՞ն հետևանքներ:
Երեք օր անց, երբ անգամ Հ1-ի պարզաբանումից հետո քննադատությունը չէր դադարում, արդեն Հանրային հեռարձակողի խորհուրդն ընդունեց, որ համերգի ցուցադրությունը «արդարացի դժգոհության, քննադատության ու վրդովմունքի» պատճառ է դարձել, խոստանալով ուսումնասիրել հանգամանքները:
Հովհաննես Մովսիսյանն ու նրա տեղակալ կարող են բողոքարկել Հանրային հեռարձակողի խորհրդի որոշումը դատական կարգով: