«Հանրային վայրերում հրազենի գործադրմամբ հանցագործությունները դարձել են լրջագույն մարտահրավեր». նախկին փոխոստիկանապետ

Կոտայքի մարզում երեկվա կրակոցներից տուժած ոստիկանը դեռ հիվանդանոցում է: Նրա մատներն են վնասվել, մյուսը՝ թեթև վնասվածք է ստացել, դուրս գրվել:

Երեկ գիշեր Կոտայքում ոստիկանների ուղղությամբ կրակել են, երբ նրանք հրահանգել են մեքենայի վարորդին կանգնել: Դեպքից հետո ենթադրյալ հանցագործներին հայտնաբերել ու ձերբակալել են, ըստ ոստիկանության, ոչ սթափ վիճակում են եղել: Քրեական գործ է հարուցվել սպանության փորձի, գույքը ոչնչացնելու ու զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:

Ովքե՞ր են պարեկների հրահանգին զենքով պատասխանող տղամարդիկ, քրեական պատմության մեջ նախկինում հայտնվե՞լ են: Քննչականից ու ոստիկանությունից մանրամասներ չեն հայտնում: Միայն նշել են, որ նրանք էլ Կոտայքի մարզի բնակիչներ են:

Այդպիսի շաբաթ չկա, որ կրակոցների ու սպանության մասին լուրեր չհայտնվեն լրահոսում: Պատճառն, ըստ նախկին ոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի այն է, որ քրեական ոստիկանությունը չի գործում թիրախային:

«Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ զենք գործադրողները պատահական քաղաքացիներ են ու սիտուացիայից ելնելով՝ հանկարծ որոշում են զենք գործադրել: Դրանք շրջանակներ են, ովքեր մինչև դեպքը հակաիրավական վարք են դրսևորում ու հանցավոր միջավայրում են: Նման անձինք պետք է քարտեզագրվեն ու գույքագրվեն: Այս կոնտինգենտը պիտի դառնա քրեական հետախուզական աշխատանքի թիրախը: Էս կարգի հանցագործությունները, որ կազմակերպված տարրեր են պարունակում, պետք է դառնա քրեական ոստիկանության թիրախը, ամեն ինչի դեմ նույն հնարավորություններով չես կարող պայքարել», - ասում է նախկին բարձրաստիճան պաշտոնյան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեկ շաբաթում՝ կրակոցներ և սպանություններ․ ինչո՞ւ է աճում զենքի գործադրումը

Հանցագործությունների կանխարգելման դրական միտում նկատում է նախկին փոխոստիկանապետ Քոչարյանը, բայց, նրա կարծիքով՝ այդ քայլերը համարժեք չեն այն ռիսկերին, որ կան հայաստանյան կյանքում:

«Ես չեմ տեսնում առաջանցիկ տեմպերով էնպիսի զարգացում, պրոֆեսիոնալիզմի աճ, որ համարժեք է մեր անվտանգային ռիսկերին: Տեմպերի հարցում ես անձամբ էդպիսի ընկալում չունեմ, որ մենք թիրախներ ենք մեր առջև դրել: Հայաստանը անվտանգության ցուցանիշներով ցածր դիրքերում երբեք չի եղել: Վերջին 20 տարին՝ հաստատ, ես ավելի շատ կուզեի տեսնել միտումները, կառուցվածքային փոփոխություններ տեսնում ենք, կրթահամալիրում տարօրինակ փոփոխություններ, որ աղերս չունեն պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման հետ, մենք տեսնում ենք, որ օպետրաիվ հետախուզական աշխատանքները ավանդական մակարդակում են», -շեշտում է Հովհաննես Քոչարյանը:

Ըստ վիճակագրության կոմիտեի՝ այս տարվա յոթ ամսվա ընթացքում հրազենի ու ռազմամթերքի գործադրմամբ 62 դեպք է գրանցվել: Ամբողջ տարվա տվյալը կհրապարակվի հաջորդ տարեսկզբին: Մինչև ամբողջական պատկերը կլինի, անցած տարիների վիճակագրությունը ցույց է տվել, որ զենքով հանցագործությունները տարեցտարի ավելացել են: Օրինակ՝ 2025-ին 152 դեպք է գրանցվել, 2024-ին՝ 109, 2023-ին՝ 94:

«Հանրային վայրերում հրազենի գործադրմամբ հանցագործությունները դարձել են լրջագույն մարտահրավեր, սրա հետ կարող եմ համաձայնել: Քրեական բախումները հրազենով լուծելու պրոբլեմը կա», - ընդգծեց Հովհաննես Քոչարյանը:

Փոխոստիկանապետը ամիսներ առաջ հավաստիացնում էր, որ ակտիվ աշխատում են ապօրինի զենքերի հայտնաբերման ուղղությամբ և հրազենի գործադրմամբ հանցագործությունները ընդհանուրի մեջ քիչ՝ 0.3 տոկոս են կազմում: Ըստ Հովհաննես Քոչարյանի, ցուցանիշները եթե նույնիսկ նվազեն էլ, հանցագործության դեմ արդյունավետ պայքարի պատկեր չէ: էական է, թե ում ձեռքից են վերցնում զենքերը: Կազմակերպված հանցագործության հասցեատերերին պետք է թիրախավորեն:

Ոստիկանությունը, ըստ նախկին պաշտոնյայի, հիմա կոմֆորտ պայմաններում է. ավելի շատ է ֆինանսավորում, քան նախկինում, քաղհասարակությունն ու միջազգային կազմակերպություններն էլ իշխանության նկատմամբ վերաբերմունքով պայմանավորված չեն ճնշում ու հաշվետվություն չեն պահանջում ինչպես նախկինում, բայց այդ ներդրումը, աջակցությունն ու ակնկալվող արդյունքը, ըստ նախկին պաշտոնյայի, համարժեք չեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծեծկռտուք, կրակոցներ, վիրավոր՝ Արզնիում. ձերբակալվածների թվում է ավագանու ՔՊ-ական անդամըՉդադարող կրակոցներ՝ Երևանում Վերջին ամիսներին առնվազն երկու աղմկահարույց սպանություն՝ ապօրինի ինքնաձիգներովՀրազենով կատարված հանցագործությունների թիվը 2024-ին աճել է. 109 գրանցված դեպք