Սյունիքի Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ երեք անձ առանց համապատասխան թույլտվության լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ է իրականացրել, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ Վարդենիսի երեք բնակիչներ աշխատանքներն իրականացրել են տարածքում գտնվող չշահագործվող հանքախորշերում՝ ձեռքի հորատման գործիքներով։ Դեպքի վայրում՝ խմելու ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա, հայտնաբերվել են շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր և պարկերով լցված հանքաքար։
Երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ռազմամթերքի և այլ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հոդվածներով։ Նրանցից մեկը կալանավորվել է։
Ծավում արդեն մեկ ամսից ավելի փորձում են պարզել՝ ինչպես է սնդիկ հայտնվել գյուղի խմելու ջրում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը գյուղի չորս կետից ջրի նմուշներ էր վերցրել և բոլորում սնդիկ հայտնաբերել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ծավում սնդիկով ջրի առեղծվածը չի լուծվում. «Ծարավ կկոտորվենք, եթե սպասենք պատասխաններին»Դրանից հետո բնակիչներին հորդորել էին ջուրը չխմել և նույնիսկ կենցաղային նպատակներով չօգտագործել։ Արգելքը դեռ ուժի մեջ է, սակայն գյուղացիներից շատերը շարունակում են ջուրն օգտագործել՝ ասելով, որ չեն վստահում հետազոտությունների արդյունքներին։
Ջրում սնդիկի հայտնաբերման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնված։ Թե որտեղից է սնդիկը հայտնվել ջրում, մինչ այժմ պաշտոնապես չի պարզաբանվել։
Առայժմ հայտնի չէ նաև՝ խմելու ջրի ավազանի մոտ հայտնաբերված ապօրինի հանքարդյունաբերական աշխատանքները որևէ կապ ունե՞ն ջրի աղտոտման հետ։