Թրամփի հավատքի հարցերով ավագ խորհրդականը Մայր Աթոռում պատարագի է մասնակցել, հանդիպել Կաթողիկոսին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավատքի հարցերով ավագ խորհրդականը պատարագի է մասնակցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 4-ը հոկտեմբերի, 2026թ.

Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնը, ով Երևանում մասնակցում էր Աղոթքի երկրորդ նախաճաշին, այսօր պատարագի է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ապա նրան ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում տիկին Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերի առնչությամբ», - հանդիպման մասին հայտնել է Մայր Աթոռը:

Սեպտեմբերին ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդներին Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում ընդունել էր նախագահ Դոնալդ Թրամփը, նրանք աղոթել էին Հայաստանի ու Միացյալ Նահանգների և խաղաղության համար: Հանդիպմանը մասնակցել էին Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերի առաջնորդներ, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը։

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները կարևորել են հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ «ի նպաստ աշխարհում խաղաղության հաստատման և ժողովուրդների լուսավոր գալիքի»։

«Տիկին Ուայթ-Քեյնը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար և կիսվեց Սուրբ Պատարագից ստացած իր տպավորություններով` ընդգծելով սրբազան արարողության ընթացքում ապրած խոր ակնածանքն ու հոգևոր խաղաղությունը։ Հյուրը երախտագիտությամբ անդրադարձավ նաև Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը, որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայություն», - հայտնում է Մայր Աթոռը:

Ավելի վաղ Փոլա Ուայթ-Քեյին կառավարությունում ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի վարչակազմի ազդեցիկ ներկայացուցիչը քննարկել է Հայաստանի իշխանության և Հայ առաքելական եկեղեցու առճակատումը, ոչ կառավարության, ոչ էլ Մայր Աթոռի հաղորդագրությունից պարզ չի դառնում: Փոլա Ուայթ Քեյնի սոցցանցերի էջերում Հայաստանում ունեցած հանդիպումների մասին գրառումներ չկան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ տարուց ավելի է փորձում է գահից հեռացնել Գարեգին երկրորդին: