Նախագահական նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ տեղի է ունեցել կառավարության անդամների երդմնակալության արարողությունը:
Կառավարության հաղորդմամբ՝ արարողությանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Երդման տեքստը, որն ընթերցել են Փաշինյանի կաբինետի անդամները, վերջերս փոխվեց՝ արժանանալով ընդդիմության քննադատությանը:
Նոր տարբերակով կառավարության անդամները երդվում են ոչ թե «հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման», ինչպես նշած էր հին օրենքում, այլ «հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման»:
Ընդդիմությունը, մասնավորապես, բողոքում էր, որ տեքստից դուրս է հանվել «հայրենիք» բառը, իշխանությունը բացատրում էր, որ «հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է»:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը կառավարության անդամներին շնորհավորելիս ասել է, որ Հայաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ և հույս հայտնել, որ գործադիրի անդամները «յուրաքանչյուր խնդրի մեջ կտեսնեն լուծման հնարավորություններ ու համարձակորեն նոր ճանապարհներ կփնտրեն»:
«Աշխարհը և մեր տարածաշրջանն արագ փոխվում են։ Այս իրողությունը Հայաստանից և բոլորիցս պահանջում է նոր մտածողություն, նախաձեռնություն և ապագան կանխատեսելու կարողություն», - ասել է Խաչատուրյանը։